Ապարան․
էկո-կանգառ
ճանապարհորդների
համար

Ինտերակտիվ համայնքային բյուջե
Ապարան քաղաքի իշխանությունները ձգտում են
բնակիչներին դարձնել բարեփոխումների մասնակիցը։
<ֆոտո / վիդեո >
Մոտ 6 000 բնակչությամբ Ապարանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1995 թվականին։ Մինչ այդ քաղաքատիպ ավան Ապարանի տնտեսությունը հիմնված էր թեթև արդյունաբերության և գյուղատնտեսության վրա։ 2017-ի աշնանը Ապարանը դարձավ բազմաբնակավայր համայնք` միավորելով իր շուրջ ևս 20 համայնք և, ընդհանուր հաշվով, 24 443 բնակիչ։ Համայնքի նորընտիր ղեկավարությունն իր առջև նպատակ է դրել՝ տասը տարում Ապարանը դարձնել էկո-համայնք:
 
 
 
 
Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա գտնվող Ապարանը վերջին տարիներին դարձել է Երևան-Սպիտակ մայրուղով ճանապարհորդողների սիրելի կանգառը։
Հաշված տարիների ընթացքում փոքրիկ փռից սննդի ցանցի վերածված Ապարանի հայտնի «Գնթունիկը» դրանում ունի իր ներդրումը։ Զբոսաշրջիկները սիրում են ոչ միայն համտեսել թարմ լավաշն ու գաթան, այլև նկարահանել ճարպիկ հացթուխներին, որոնք սուզվում են տաք թոնրի մեջ` արագ դուրս բերելով թխված հացը։
 
 
 
 
 
 
Սակայն ապարանցիները վստահ են՝ համայնքի իրական գրավչությունը քողարկված է անցորդներից։
 
 
 
 
 
 
«Ունենք բացառիկ բնական հուշարձաններ, եկեղեցիներ, դամբարաններ, որոնց մասին ևս քիչ գիտեն», - պատմում է Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը։
2018 թ․ մայիսին Ապարանում տեղի ունեցավ քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումը՝ «Մեր պապերի սխրանքը» խորագրով։ Ճապոնացի քանդակագործ Կումիկո Սուզուկիի «Արա Գեղեցիկը» սիմպոզիումի մասնակիցներից մեկն է։
 
 
 
 
 
 
 
 
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից և Խոյից գաղթածները։
Չնայած քաղաքում ընթացող վերանորոգման ծրագրին, դեռ շատ են վնասված բնակելի շենքերը։
 
 
 
 
Ապարանի քաղաքային այգին վերջերս բարեկարգվել է։
 
 
 
 
1980-ականներին Ապարանում սկսվել է ճարտարապետ Կառլոս Արզրումթյանի նախագծած Սպորտի տան կառուցումը, որն այդպես էլ անավարտ մնաց։ Պարզ չէ նաև` ում է պատկանում կառույցն այսօր։
 
 
 
 
Այսօր Սպորտի տան լքված շենքը դարձել է երեխաների խաղատեղի։
 
 
 
 
Ապարանի բացօթյա ֆուոբոլային դաշտը՝ տեղի երիտասարդության ժամանցի փոքրաթիվ վայրերից մեկը:
 
 
 
 
Ապարանում արևային կայանի կառուցում, կայուն էներգիայի օգտագործում, ծառատունկ և զբոսաշրջության զարգացում` այս ծրագրերն իրականացվում են «GIZ» կազմակերպության և Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ։

«Մենք մոտ 30 մլն դրամ ծախսում ենք միայն ներհամայնքային ենթակառուցվածքների հոսանքի համար, ու մեր նպատակն է խնայել այդ գումարը։ Ապարանում ունենք բնական ռեսուրսներ` ջուրը, արևը», - ասում է Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը։

Համայնքը արևային կայանի կառուցման գաղափարը ներկայացրել է կառավարության սուբվենցիայի ծրագրին։ Այս պահին համայնքի կարիքները կարող է բավարարել երկու հարյուր վատանոց կայանը (200վ), որի կառուցման արժեքն է մոտ 70 մլն դրամ։

Համայնքի իշխանությունները նաև պատրաստ են սուբսիդավորել բնակիչների անցումը արևային էներգիայի, եթե նրանք դիմեն լիզինգի կամ վարկի։

Ապարանցիները պետք է դառնան կառավարման մասնակիցը՝ վստահ է համայնքի ղեկավարի տեղակալը, կխրախուսվի նրանց ներգրավվածությունը բոլոր նախագծերում։ Սակայն քաղաքի իշխանությունները դեռևս դժգոհ են մասնակցության որակից։

«Ինձ միշտ զարմացնում են երիտասարդները, որոնք ասում են` մեր շահագրգռվածությունը ի՞նչն է, որ գանք, մասնակցենք։ Փորձում ենք բացատրել, որ հենց դու ես մասնակցում կառավարմանը, ու հենց քո ծրագրերը կարող են կյանքի կոչվել", - ասում է Հրայր Մկրտչյանը։

Հրայր Մկրտչյան

Ապարանի փոխհամայնքապետ
Ուսումնասիրելով համայնքի պաշտոնական կայքի այցելությունները` Մկրտչյանը հասկացել է, որ բյուջեին վերաբերող տեղեկությունն այդքան չի հետաքրքրում բնակիչներին, որքան սոցիալական օգնության մասին տեղեկությունը։

«Առաջինը, երբ 2017 թվականին եկանք ՏԻՄ, փորձել ենք հավաքել ակտիվ երիտասարդներին, ստեղծել նախաձեռնող խմբեր: Հավաքագրեցինք կարծիքները ու սկսեցինք մտածել ծրագրերի շուրջ։ Ու այդ աշխատանքներում նաև փորձել ենք ներգրավվել այլ ապարանցիների, որոնք չեն ապրում Ապարանում։ Ծրագրերի գաղափարների մեծ մասը հենց բնակիչների քննարկումների արդյունքում է ծնվել», - խոստովանում է Հրայր Մկրտչյանը։

Մինչ այդ դժվար էր ասել, թե Ապարանում գոյություն ունի քաղաքացիական ակտիվ հասարակություն։ Քաղաքում գրեթե չկա գործող հասարակական կազմակերպություն։
Ապարան համայնքի «Օրհուս» կենտրոնի ղեկավար Նատալյա Մանուկյանն ասում է, որ քաղաքում գործում է միայն սահմանափակ հնարավորություններով մարդկանց շահերի պաշտպանությամբ զբաղվող մի ՀԿ։

«Չեմ կարող ասել` ինչու ապարանցիները հետաքրքրված չեն հասարակական գործունեության մեջ, բայց դրա կարիքը տեսնում եմ», - ասում է Նատալյա Մանուկյանը։

Ապարանի բնապահպանական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնը հիմնադրվել է 2008թ. վերջին ՀՀ բնապահպանության և տարածքային կառավարման նախարարությունների, Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքապետարանի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Այն աջակցում էր Արագածոտնի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվությունը առավել մատչելի դարձնելուն և այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության խթանմանը:

Սակայն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետ մեկտեղ իր աշխատանքը դադարեցրել է նաև «Օրհուս» կենտրոնը։ Կազմակերպությունն օգնել է տեղի բնակիչներին պահանջել կենտրոնական զբոսայգու բարեկարգումը, գլխավոր փողոցում ծառատունկ կազմակերպել ու նաև իր ներդրումն ունեցավ Ապարանի մոտակայքում Թուխմանուկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման դեմ պայքարում։

«Համայնքների խոշորացումից հետո մինչ այդ գոյություն ունեցող գյուղատնտեսական և բնապահպանական բաժինը վերացավ։ Փաստորեն, համայնքապետարանը չունի որևէ կառույց կամ կազմակերպություն, որը կզբաղվի բնապահպանական խնդիրներով», - ասում է Նատալյա Մանուկյանը։
Ապարան համայնքի «Օրհուս» կենտրոնի ղեկավար Նատալյա Մանուկյանը։
Մեկ այլ միջազգային կազմակերպության՝ «Վորլդ Վիժն»-ի (World Vision) Ապարանի մասնաճյուղի ներկայացուցիչ Լիլիթ Մովսիսյանի կարծիքով, քաղաքացիական պասիվությունը համայնքում բացատրվում է Երևանին մոտ գտնվելու հանգամանքով։ Բնականաբար, տեղի ակտիվ երիտասարդները ձգտում են աշխատել և իրականացնել իրենց գաղափարները մայրաքաղաքում։

«Ինչը, սակայն, ոչ բոլորին է վերաբերվում», - ասում է Լիլիթը, որը, ստանալով բարձրագույն կրթություն և ունենալով միջազգային կազմակերպություններում աշխատանքի փորձ, նախընտրել է մնալ Ապարանում և աշխատել հանուն հարազատ համայնքի զարգացման։

«Վորլդ Վիժն» կազմակերպությունն այստեղ տարիներ շարունակ աշխատում է դպրոցականների և երիտասարդների հետ` զարգացնելով սոցիալական ձեռնարկատիրության, նախագծերի կառավարման, տեխնոլոգիաների և այլ ոլորտների գիտելիք և հմտություններ։ Աշխատանքի արդյունքն արդեն տեսանելի է։ Երիտասարդները իրագործում են նոր գաղափարներ, օրինակ, "Sky book Store" նախաձեռնությունը ՝ գրքերի օնլայն վաճառքը, որից ստացած հասույթն ուղղվել է անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական գրքեր գնելուն։ Նման նոր ձեռնարկներից է մարզական հանդերձարանների վերանորոգման փոքր դրամաշնորհային ծրագիրը, հատապտուղների ջերմոցային արտադրությունը և այլն։

Ապարանում նաև բացվել է Start-up ակումբը, որի նպատակն է զարգացնել ձեռնարկատիրական մտածելակերպը 14-20 տարեկանների շրջանում։ Երիտասարդներն ստեղծել են նաև նախաձեռնող խումբ, որն իր առաջարկները ներկայացնում է համայնքապետարանին ու բարձրաձայնում է խնդիրների մասին։

Լիլիթ Մովսիսյան

«Վորլդ Վիժն»-ի (World Vision)
Ապարանի մասնաճյուղի ներկայացուցիչ
Երիտասարդ բնակիչների խոսքով, խնդիրներից մեկն Ապարանում միջհամայնքային տրանսպորտի գրեթե բացակայությունն է։ Լինում են դեպքեր, երբ աշխատանքի ընդունման պայմաններից մեկը սեփական ավտոմեքենա ունենալն է։

Համայնքի ղեկավարի խոսքով, որոշ դեպքերում սպասարկումը տնտեսապես արդյունավետ չէ տրանսպորտային ընկերությունների համար։ «Օրինակ, Ձորաղբյուր համանքում, որտեղ շատ վատ ճանապարհներ են, մեկ-երկու ուղևոր էր լինում։ Սակայն չեմ կարծում, որ տրանսպորտը շատ մեծ խնդիր է, քանի որ շատերը Ապարանում սեփական փոխադրամիջոց ունեն» , - ասում է Հրայր Մկրտչյանը։

Մարի Կարապետյանը մի քանի տարի աշխատում էր Ապարանի «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպությունում։ Սակայն, երբ հնարավորություն ընձեռվեց աշխատել իր մասնագիտությամբ՝ որպես լոգոպեդ Ապարան համայնքի Արագած և Հարթավան գյուղերի մանկապարտեզներում, նա որոշեց թողնել ավելի բարձր վարձատրվող գործը և աշխատել երեխաների հետ։

Սակայն հանրային տրանսպորտով աշխատանքի հասնելը անդրադառնում է Մարիի գրպանին։ «Աշխատանքի հասնելու համար օգտվում եմ Ապարանից Երևան գնացող երթուղայինից: Սակայն այն ուղևորները, ովքեր իջնում են ճանապարհին՝ գյուղերի մոտ, վարորդների պահանջով պետք է զբաղեցնեն անհարմարավետ տեղերը` զիջելով Երևանի ուղևորներին»։
Ուրբանիստան առցանց հարցման միջոցով փորձեց իմանալ ապարանցիներից, թե ինչպես, նրանց կարծիքով, պետք է բաշխվի համայնքի բյուջեն։ Հարցմանը մասնակցել է 117 մարդ: Արդյունքների համաձայն` ապարանցիներն առավել կարևորում են ճանապարհաշինությունը (30%), բակային տարածքների բարեկարգումը (17%) և սոցիալական պաշտպանության նպատակով հատկացվող գումարները (15 %): Հարցվածների կարծիքով, պակաս կարևոր են քաղաքային միջոցառումների (5 %) և բնակֆոնդի սպասարկման համար բյուջեից հատկացվող գումարները (4%)։
2018թ-ի սեպտեմբերի դրությամբ, համայնքի բյուջեում էականորեն ավելացել են ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող ծախսերը։ Դրանք ընդհանուրի մեջ 54% են։

Կտրուկ ավելացել են շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսվող ծախսերը։ Նախորդ 2017թ-ի համեմատ ծախսերն ավելացել են շուրջ 28.7 մլն դրամով, և կազմում են ընդհանուր ծախսերի 4%-ը։

Նման աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարիներին համայնքում աղբահանության ծախսերը դիտարկվել են բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտում։
Նկատելի կերպով աճել են բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության ոլորտի ծախսերը՝ կազմելով ընդհանուրի 18%-ը (նախորդ տարվա նկատմամբ աճելով 79.8 մլն դրամով)։

Նվազել են հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտների ծախսերի մասնաբաժինը, և գումարն ընդհանուր ծախսերում հասել է ընդհանուրի 4%-ին։ Սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող ծախսերը գրեթե նույնն են, ինչ` նախորդ տարիներին։


~
Ավելին
~