Դասասենյակից ՝ ջերմոց
Բերդի կենսաբանության ուսուցչուհին իր գիտելիքները կիրառում է բիզնեսում
Գայանե Մկրտչյան
խմբագիր
Դպրոցի աշխատանքն ավարտելուց հետո, տուն հասնելուն պես 57-ամյա Արև Ներսիսյանը հագնում է ռեզինե ճտքակոշիկները ու մտնում սեփական տան բակում կառուցված ջերմոցում աշխատելու:
«Չեմ դժգոհում կյանքից, երկրի վիճակից, իսկ երբ կողքիս դժգոհում են, ցույց եմ տալիս ցեխոտ ճտքակոշիկներս, ձեռքերս...: Կարծում եմ ամեն բան կախված է մարդուց, ու եթե ուզում ես ստեղծագործես, միտքդ աշխատի, պետք է աշխատես, մտածես՝ ի՞նչ անես: Ինձ համար գերագույն հաճույք է հողի հետ շփվելը, նոր-նոր եմ կարողանում ձեռնոց հագնել, պարտադիր ուզում էի զգալ հողի հետ շփումը»,-պատմում է Երևանից 202 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի, Բերդ քաղաքում ապրող Արև Ներսիսյանը:

Նրա տունը Բերդի ծայրամասում է, այն հատվածում, որտեղ անտառը հոսում է դեպի քաղաք: Մասնագիտությամբ կենսաբան Ներսիսյանը Բերդի երրորդ դպրոցի ուսմասվարն է: Խոստովանում է. դպրոցից հետո՝ հողի հետ աշխատանքը իր համար բոլորովին այլ աշխարհ է:

«Երբ հեռուստատեսությամբ տեսնում էի կանաչ ու ընդարձակ ջերմոցները, երազում էի, ինքս ինձ ասում. «Տեսնես, մի օր ես էլ կունենամ»: Հնարավորությունը ստեղծվեց, ու ես փորձ արեցի մասնակցել ծրագրին, արդյունքում իմ ներկայացրած նախագիծը շահեց»,-պատմում է նա:

2014 թվականին Հայ Օգնության Ֆոնդը «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակներում իրականացնում է ջերմոցային տնտեսությունների ծրագիր, որի շրջանակներում կանայք ներկայացնում են իրենց նախագծերը: Արև Ներսիսիյանի ջերմոցային տնտեսության ծրագիրը հաղթում է, նրան տրվում է 1, 600.000 դրամ դրամաշնորհ, որից 600.000 դրամը՝ երեք տարի փոխառության ժամկետով:
Բերդ քաղաքը
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Կենսաբանության ուսուցչուհին արդեն երեք տարի է 150 քռ/մ տարածքով ջերմատանը պոմիդոր է աճեցնում: Բերդում, բոլորը գրեթե գիտեն, որ ամենահամեղ պոմիդորները Արև Ներսիսիանի ջերմատնից կարելի է ձեռք բերել:

« Իմ առաջնային պլաններից է՝առաջիկայում օրգանիկ մթերք արտադրելը: Իմ պոմիդորը 95 տոկոսով է օրգանիկ, պոմիդորի ցեցի դեմ տարբերակ չունեի, երկու անգամ սրսկել եմ»,-ծիծաղելով պատմում է Ներսիսյանը:

Գյուղատնտեսության մեջ հաջողությունների հասած մանկավարժը անկեղծանալով ասում է. ջերմոցային տնտեսություն ունենալու պատճառներից մեկն էլ, այն էր, որ կենսաթոշակի անցնելուց հետո՝աշխատանք ունենա:

«Հայաաստանում կենսաթոշակի անցնելը շատերի համար վերածվում է սթրեսի: Ես ինձ համար աշխատանք եմ ստեղծել: 63-ից հետո կյանքը չի ավարտվում, կես կատակ, կես լուրջ, միշտ ասում եմ, որ ստեղծելու եմ կազմակերպություն, որը լինելու է հատուկ 60 անց մարդկանց համար»-ասում է Արև Ներսիսյանը:

Ջերմատան դիմաց՝150 քռ/մ տարածքում նրա աճեցրած ազնվամորու թփերն են: Հաջորդ բիզնես ծրագիրը կենսաբան-գյուղատնտեսն իրականացրել է «Green Lane գյուղատնտեսության աջակցություն» ՀԿ-ի հետ միասին 2013 թվականին:

Արև Ներսիսյան
Լուսանկարը՝ Գայանե Մկրտչյանի
«Մտածեցի այնպիսի բույսի մշակությամբ զբաղվեմ, որտեղ ֆիզիկական աշխատանքը կհասցնեի մինիմումի: Ընտրեցի ազնվամորին: Բույսի մշակությունը կատարում ես ժամանակին, որից հետո մնում է հաճույքով այս բերքահավաքը կատարելը»,-ասում է նա, հյուրասիրելով հենց նոր քաղած ազնվամորիով:

Կենսաթոշակի անցնելուց հետո, մտածում է բանջարեղենի հատուկ սպասարկման ծառայություն բացել՝ առաջարկելով բանջարեղենը ձեռք բերել հենց ջերմատնից:

«Ուզում եմ սպասարկան նոր մշակույթ ներմուծել, դա կլինի իհարկե շատ խայտաբղետ ջերմոց: «Խայտաբղետ զամբյուղ»՛-ը իմ հաջորդ բիզնես գաղափարն է, ինչն ենթադրում է, որ մեկ ծղոտե զամբյուղում կհավաքվի մի քանի տեսակի բանջարեղեն: Կօգտագործեմ համացանցը, սոցիալական ցանցերը, կառաջարկեմ ծառայություններս»,-ասում է նա:

Ազնվամորին հավաքելուց հետո, Ներսիսիյանը մտնում է ջերմային տնտեսություն և պոմիդորների կողքին աճեցված ծխախոտը ցույց տալիս: Ծխախոտով պայքարում է միկրոբների ու բակտերիաների դեմ:

«Նախկինում ամբողջ Տավուշի մարզը ապահովվում էր Խորհրդային Միության ծխախոտի արտադրության 2-3 տոկոսը: Այն ժամանակ՝ ծխախոտի միջշարային տարածություններում աճեցնում էին վարունգ ու պոմիդոր, ոչ ջրում էին ու ոչ էլ սրսկում, միայն աճեցնում էին: Ծխախոտը արտադրում է յուրատեսակի չակերտավոր թույներ, և պոմիդորը թունաքիմիկատների կարիք չի զգում»,-բացատրում է Արևը Ներսիսյանը:

Green Lane-ի մեկ այլ ծրագրով պատրաստվում է չորանոց կառուցել, որտեղ կստանա օրգանիկ չրեր: Սակայն նրա ամենամեծ երազանքը սեփական նորակառույց տունը հյուրատան վերածելն է, համոզված է զբոսաշրջիկները կհասնեն իրենց տարածաշրջան, չնայած, որ մոտ են հայ-ադրբեջանական սահմանին:
Դասասենյակից ՝ ջերմոց
վիդեո՝ Գայանե Մկրտրյանի
«Արդեն հինգ տարի մեղրի ու հատապտուղների փառատոն ենք անցկացնում, բավական շատ են լինում զբոսաշրջիկները: Նրանք այստեղ են հասնում սահմանային գծով անցնելով: Մարդիկ չեն վախենում, գալիս են ու կգան: Նայեք այստեղից երևում է ամենաբարձր կետը՝Մորղուզ լեռը՝ 2993 մետր, ու միայն նրա ստորոտին է աճում սև հապալասը, մարդիկ հասնում են մինչև այնտեղ»,-ասում է նա ու ավելացնում, որ իր նպատակն է Բերդում զարգացնել ագրոտուրիզմը:

Ապագա հյուրատան բակում կլինի ջերմոցային տնտեսությունը, ազնվամորու թփերը, չորանոցը, ձորի մեջ պտղատու այգին է, բակի թփերի միջից տեղ-տեղ հայտնվում են դաղձի թփերը:
Կենսաբան-գործարարը ասում է. ամեն ինչ հաշվարկել է մարդու բարեկեցության համար: Մտահոգվում է, երբ մարդիկ հեռանում են Հայաստանից:

«Այս հողի, այս օդի, այս ջրի նման երկիր չկա...ո՞ւր գնաս, որ այս տեսարանները տեսնես, Շվեցարիան էլ ո՞նց է լինում: Թշնամուն կարելի է հաղթել միայն ապրելով: Այն, ինչ ես ունեմ այստեղ, ուրիշ ոչ մի տեղ չկա, մնալով, աշխատելով ու ապրելով պետք է պարտադրենք խաղաղությունը»,-ասում է Արև Ներսիսիյանը:
~
Made on
Tilda