Գրադարանը հյուր է գալիս
Թոշակառու և հաշմանդամ ընթերցողների համար նախատեսված ծրագիրը օգնում է հաղթահարել միայնությունը:
Արդեն երկու տասնյակ տարի Ավ. Իսահակյանի անվան գրադարանը իրականացնում է սոցիալական նախաձեռնություն՝ գրականություն հասցնելով ծերերին և հաշմանդամներին: Միայն 2016 թվականին ընթացքում նման հնարավորությունից օգտվել են 300-400 ընթերցողներ՝ որոշ դեպքերում միայն այդ կերպ պահպանելով կապն արտաքին աշխարհի հետ:
82 –ամյա տիկին Թամարան իրենց բազմանդամ ընտանիքը կնքել է «թոշակառուների ընտանիք» անունով, քանի որ տանը երեք տարեց ունեն՝ ինքը, ամուսինը՝ մասնագիտությամբ երաժիշտ Գրիգորը, ու նրանց ազգական տիկին Լաուրան: Տանից հազվադեպ են դուրս գալիս հատկապես կանայք՝ առողջական վիճակը թույլ չի տալիս: Միակ զբաղմունքը ֆիլմերն են ու պարտադիր՝ ընթերցանությունը:

Մասնագիտությամբ գրադարանավար տիկին Թամարան Ալ. Իսահակյանի անվան գրադարանի հետ որպես ընթերցող կապվել է շատ վաղուց՝ անմիջապես թոշակի անցնելու տարիներից. տանը մոտ ամենահարմար գրադարանն էր: Մի քանի տարի առաջ ոտքը վնասելուց հետո գրադարան այցելելը նրա համար խնդրահարույց դարձավ: Հենց այդ ժամանակ նրան օգնության հասան գրադարանավարները: Այս տարիների ընթացքում ընթերցանության համար գրքերի պակաս ոչ նա, ոչ ընտանիքի մյուս թոշակառու անդամները երբեք չեն զգացել:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի 38 տարվա գրադարանավար Կարինե Մկրտչյանը «Ընտանեկան գրադարանավար» նախաձեռնության շրջանակներում թոշակառու ընթերցողներին այցելում է գրեթե ամեն շաբաթ: Տիկին Թամարան մեկն է այն 20 մեծահասակներից, որոնց նա ապահովում է անհրաժեշտ գրքերով:

«Սա շատ մեծ օգնություն է մեծահասակների համար, հատկապես նրանց, ովքեր ի վիճակի չեն տանից դուրս գալու, առավել ևս՝ ցուրտ եղանակին: Տանը նստած թոշակառուի համար միակ զբաղմունքը ընթերցանությունն է: Առանց ընթերցանության հնարավոր չէ, հատկապես կարդալ սիրող մարդու համար»,- ասում է տիկին Թամարան:

Գրքերից բացի, գրադարանավարի այցելությամբ մեծ ուրախություն և աշխուժություն է մուտք գործում նրանց բնակարան: Այցելությունը զուգորդվում է երկար զրույցներով, քննարկելու թեմաները բազմաթիվ են՝ գրականությունից, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի ելույթներից մինչև թթի սեզոնին պատրաստվելը…
«Մեր օգնությամբ հատկապես միայնակ թոշակառուները ինտեգրվում են հասարակությանը՝ ամրապնդելով կապն արտաքին աշխարհի հետ: Բացի այդ, օգնելով նրանց, մենք ինքներս նոր էներգիա ենք ստանում, ինչը դրական է անդրադառնում նաև մեր հոգեվիճակի վրա»,- նշում է գրադարանավար Գոհար Մանվելյանը:

Տարիների ընթացքում ընկերական այնպիսի կապ է հաստատվել, որ երբեմն գրադարանավարներն առանց գրքերի են այցելում իրենց տարեց ընթերցողներին ՝ պարզապես համոզվելու, որ իրենց հարազատ դարձած ծերերը լավ են:
Գրադարանը հյուր է գալիս
Video
2013 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի և Լոռու մարզային գրադարանները ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսեցին իրականացնել «Ընտանեկան գրադարանավար» ՀՀ մշակույթի նախարարության ծրագիրը:

Մարզերի ընտրությունը պայմանավորված է 1988 թվականի երկրաշարժից հետո այդ տարածաշրջանում հաշմանդամների թվի կտրուկ ավելացմամբ: Ըստ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության տեղեկության, 2016 և 2017 թթ սպասարկվել է 212 հաշմանդամ և տարեց ընթերցող՝ 125-ը Լոռիում և 88-ը Շիրակի մարզում:

Թեև երևանյան գրադարաններն ընդգրկված չեն գործող ծրագրում, սակայն մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը «Ընտանեկան գրադարանավար» նախաձեռնությունն իրականացնում է դրանից շատ առաջ՝ երկու տասնյակ տարիներ՝ առանց հավելյալ ֆինանսավորման: Ի դեպ, 2016 թ. տվյալներով գրադարանի 32,659 այցելություններից 10%-ը թոշակառուներ են, իսկ ընդհանուր 4789 ընթերցողների 10%-ը՝ հաշմանդամ:
«Ընտանեկան գրադարանավար» նախաձեռնություն Ավ. Իսահակյանի անվան գրադարանում
9

գրադարանի մասնաճյուղ
20

մասնակից գրադարանավար
140

այցելություններ շաբաթական
«Ընտանեկան գրադարանավար» ծրագրից օգտվելը հաշմանդաների կամ թոշակառուների համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում. անհրաժեշտ է միայն զանգ կատարելով նշել այն գիրքը, որ տարեց բաժանորդը ցանկանում է կարդալ: Գրադարանավարներն օգնում են պարզել՝ կա՞ արդյոք գրադարանում անհրաժեշտ գրականությունը, կատարում են տեխնիկական անհրաժեշտ գործողություններն և սեղմ ժամկետում տարածքային ամենամոտ մասնաճյուղի աշխատակիցն արդեն հյուր է գնում՝ հասցնելով գիրքն ընթերցողին:

«Ծրագիրը կարևոր սոցիալական խնդիր է լուծում: Մեր ընթերողներից շատերը միայնակ ապրող թոշակառուներ են ու նրանց համար սա արտաքին աշխարհի ու մարդկանց հետ շփման երբեմն միակ հնարավորությունն է, որ օգնում է նրանց սոցիալական ինտեգրման կարևորագույն հարցի լուծմանը»,- նշում է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը:
Նախաձեռնությանը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ գրադարանի մասնաճյուղերի հասցեների ու ծրագրի վերաբերյալ տեղեկությունը տարածելով թոշակառու շահառուների շրջանում:

«Կարևորը` նրանք զգում են, որ անուշադրության մատնված չեն: Մենք նրանց հոգևոր սնունդ ենք տալիս ու բարեկամական ջերմություն: Հաճախ զանգում ենք՝ պարզապես նրանց որպիսությունը հարցնելու, տեղեկանալու՝ ունե՞ն արդյոք ինչ որ հարցում օգնության կարիք: Երբեմն գրադարանավարները գիրքը տանելիս ճանապարհին խանութ են մտնում`համեղ հյուրասիրություն գնելու համար կամ օգնում են նրանց լուծելու տանը հայտնված որոշ կենցաղային խնդիրներ",- նշում է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի ընթերցողների մեջ կան հայտնի մարդիկ, անվանի գիտնականներ, ակադեմիկոսներ, որոնք, թոշակի անցնելուց հետո չկարողանալով գրադարան այցելել, կապը պահպանում են հենց ընտանեկան գրադարավարների շնորհիվ: Երբեմն նրանք ի նշան երախտագիտության իրենց անձնական գրադարանը նվիրաբերում են գրադարանի ֆոնդին:

Ավ. Իսահակյանի անվան գրադարանը նման նվերներ շատ է ստանում: Գեղագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, փիլիսոփա Յակով Խաչիկյանը երկու տարի առաջ գրադարանին նվիրաբերեց իր ամբողջ անձնական գրական ֆոնդը՝ 2000-ից ավելի գիրք: Հայտնի պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան Հայկ Ղազարյանը նույնպես գրադարանին է ժառանգել գրքերի իր մեծ հավաքածուն:
~
Made on
Tilda