«Սուրբ հոգիների» տունը

Գերեզմանոցի հին մատուռի պատճառով ուխտավորների հոսքը Ջանազյանների տուն չի դադարում:
55-ամյա Վազգեն Ջանազյանի տան դուռը ժամանակ առ ժամանակ թակում են անծանոթներ տարբեր խնդրանքներով` վախը հանելու արարողության համար մի բուռ մարդկային ոսկորներ ուզելուց մինչեւ տանը մոմ վառելու թույլտվության համար:

Տարօրինակ այս խնդրանքների պատճառը Ջանազյանների տան տեղն է: 1940 թվականին Վազգենի հայրը` Գրիշա Ջանազյանը տունը կառուցել է Կոզեռն թաղամասում` նույնանուն գերեզմանատան կիսավեր մատուռի հարեւանությամբ: Տան ննջասենյակներից մեկի պատն ամբողջությամբ զբաղեցնում է մատուռի մուտքի պատի արտաքին հատվածը, իսկ նույն սենյակում որպես պահարան գործածվող պատի խորշն իրականում նախկին մատուռի դռան վերին մասն է:

Գերեզմանոցի մատուռի պատճառով է, որ ուխտավորների հոսքը Ջանազյանների տուն չի դադարում: «Տանը նստած ենք, մեկ էլ դուռը կթակեն անծանոթ մարդիկ, թե բա՝ կլինի գանք հպվենք սրբի գերեզմանին: Ախր, Հովհաննես Կոզեռնի ու մյուս երկու հոգևորականների գերեզմանները գտնվում են տան նկուղում՝ երկու մետր խորության վրա: Նկուղի մուտքը փակել ենք կահույքով, իսկ ննջասենյակի մուտքի կողքը ուղանկյունաձև ելուստ ենք սարքել, որը մատնանշում է, թե հենց դրա տակն է Կոզեռնի գերեզմանը», - ասում է Վազգեն Ջանազյանը:
Սիրահարների այգու հետնամասում ծուռ ու նեղ փողոցներով և սեփական տների՝ դեպի Կոնդի բլուր բարձրացող թաղամասի այս գերեզմանատունը Երեւանում ամենահներից է: Այստեղ են թաղված վարդապետ Մելիքսեթ Վժանեցին, հայտնի կաթողիկոս Մովսես Գ Սյունեցին` առավել հայտնի Մովսես Տաթևացի անունով եւ այլոք: Իսկ մատուռը կառուցվել է 1630-ականներին, XI դարի հայ գիտնական և տոմարագետ Հովհաննես Կոզեռնի (Տարոնացու) գերեզմանի մոտ: Այդպես է ստացել Կոզեռն անվանումը: 1679 թ-ին Երկրաշարժի պատճառով շինությունն ավերվել է, սակայն մինչ անցած դարի 30-ական թվականները մատուռի ավերակները դեռ կային:

«Մեկ էլ կգան, կսկսեն շփել այդ գերեզմանները, կամ թույլտվություն կխնդրեն մոմ վառելու համար: Բայց սա իմ տունն է»,-բարկացած ասում է Վազգեն Ջանազյանը, ում երկու հարսները՝ Նարինեն և Տաթևը եւս հանգիստ չունեն. փորձում են հարմարվել խորհրդավորությամբ լի առօրյային:

«Հաճախ ինձ թվում է, թե անընդհատ ինչ որ մեկի անդադար հայացքի տակ եմ... Երբ նոր էի ամուսնացել, վախենում էի անցնել հատկապես այդ սենյակի (մատուռի պատին հարող ննջասենյակի) կողքով... Մեր համար արդեն սովորական է դարձել, երբ լսում ենք թակոցներ կամ դուռը ճռռալով բացվում-փակվում է... Մի քանի օր առաջ, գիշերը ննջասենյակի դուռը թակեցին, բացեցինք, սակայն պարզվեց, որ տանը բոլորը քնած են»,- պատմում են տան հարսները:
Վազգեն և Գրիշա Ջանազյանները
 
 
 
 
Գրիշա Ջանազյան
 
 
 
 
Վազգենի որդուն` 29-ամյա Գրիշա Ջանազյաին այլեւս ոչինչ չի վախեցնում.

«Այն, ինչ շատերի համար սարսափեցնող է՝ մենք սովոր ենք: Օրինակ, նույն՝ դռան բացվել-փակվելը: Մորս հետ նստած էինք ու տեսանք, թե ինչպես այն բացվեց ու այնուհետ փակվեց. կարծեցինք, թե տնեցիներից մեկն եկավ, սակայն փոշմանեց ու դուրս եկավ տանից: Գնացինք՝ մարդ չկար: Նույն կերպ ինձ համար շատ սովորական էր, ու համադասարանցիներիս համար՝ սարսափելի, երբ դպրոցում անատոմիայի դասի համար գանգ տարա»:

Անցած տարի Գրիշան ննջասենյակում պատահմամբ վնասել է պատի գաջի շերտը, և հայտնաբերել ռուսերեն փորագրություններ՝ «Ереван, Кулаков, 1 VI 45 г гв (1)925»:

«Մատուռի պատը գաջով էր պատել դեռ պապս, վրայից էլ պաստառ կպցրել: Երևի մտածում էր, որ երեխաները չվախենան: Պատի քանդված հատվածը ծածկել ենք մահճակալով, սակայն ուշադիր որ նայեք, կտեսնեք փորագրությունը: Ամենայն հավանականությամբ, սա արել է մատուռի քանդումից առաջ դրա վերականգնող վարպետը», - ասում է Գրիշան` հավելելով, որ տան նկուղում գտնվող հոգևորականների աճյունները տեսնելու համար իրենց տուն այցելել են նաև Մայր Աթոռից:


2004 թվականին Կառավարության որոշմամբ, Կոզեռնը ճանաչվեց իրացման գոտի, բայց մինչ օրս օտարում չի իրականացվել: Մինչ այդ որոշումը միայն 16 տուն էր սեփականաշնորհված, դրանից հետո, սակայն, թաղամասի բնակիչները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և սեփականաշնորհեցին բոլոր տները:

1920-ականներին Կոզեռնի գերեզմանատանն է վերաթաղվել (ներկայիս Կոմիտասի պանթեոնից) Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի աճյունը: Սակայն 1930-ականներին՝ գերեզմանոցը վերացնելու ժամանակ, Արամի այրին՝ Կատարինե Զալյանը, մեծ դժվարություններով Արամ Մանուկյանի աճյունը Կոզեռնից տեղափոխել և կրկին թաղել է՝ արդեն Թոխմախի գերեզմանատանը:
~
Կոզեռնի մատուռը: Լուսանկարը` HinYerevan.com
Ըստ պատմական տեղեկությունների, 1829 թ-ին երևանցի մեծահարուստ Սահակ Մելիք-Աղամալյանը նորոգում է մատուռը և դարձնում իրենց տոհմական դամբարանը: Իսկ մեկ դար անց այստեղ կատարվել են հետազոտական աշխատանքներ, որոնց մասնակցել է ճարտարապետ Կարո Ղաֆադարյանը:

"Երևան․ Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները" գրքում Ղաֆադարյանը նկարագրել է. «Այդ վայրում (Կոզեռն), ներկա (20-րդ) դարի 30-ական թվականներին, երբ այնտեղ նոր շենքեր էին կառուցում, ամենուրեք ի հայտ էին գալիս քարարկղյա նեղ ու երկար դամբարաններ, որոնք ակնհայտորեն պատկանում էին քրիստոնեության վաղ ժամանակներին` 4-ից՝ 7-րդ դարերին: Այստեղից մի քիչ ավելի հյուսիս-արևելք հետագայում ի հայտ եկան նույնիսկ հեթանոսական շրջանի քարարկղյա դամբարաններ, ինչպիսիք մեզ հայտնի են Դվինից, Ավանից և շատ այլ վայրերից: Բայց եթե հեթանոսական շրջանի դամբարանների` Կոզեռնի գերեզմանոցին պատկանելը կասկածելի է, ապա վաղ քրիստոնեական թաղումները աներկբայորեն պատկանում են նրան»:
~
Made on
Tilda