Մարտունի համայնքի
բյուջետային
գործընթացները
վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Ուսումնասիրությունը ներկայացնում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2015, 2016 և 2017 թվականների տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։

Ըստ Գծապատկեր 1-ի, 2015 թվականի նկատմամբ 2016 թվականի եկամուտները աճել են մոտ 9.8 մլն դրամով՝ (315.1 և 324.9 մլն դրամ համապատասխանաբար), իսկ 2017 թվականի ընթացքում համայնքի բյուջեի եկամուտների աճը առավել նկատելի է և 2016թ-ի նկատմամբ ավելացել է շուրջ 12.6%-ով կամ 41.1 մլն դրամով՝ հասնելով 366.0 մլն դրամի։

2015թ-ի ընթացքում համայնքի բյուջեն ֆոնդային մասով եկամուտ չի ունեցել, իսկ 2016թ և 2017թթ. դրանց ծավալը առանձնապես մեծ չի եղել՝ 4.7 և 10.0 մլն դրամ համապատասխանաբար։
Դիտարկվող տարիների ընթացքում պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ծավալը չի փոխվել՝ ընդամենը 600 հազ. դրամով աճելով 2017 թ-ին։ (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Մարտունի համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։ Բերված տվյալները ցույց են տալիս, որ 2017 թ-ի ընթացքում փոքր աճ է նկատվել անշարժ գույքի գույքահարկի, փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման գծով։

2015թ-ից սկսել են նվազել գույքի վարձակալությունից ստացված եկամուտները (տարբերությունը 2015 և 2017 թ-ի միջև մոտ 2.3 մլն դրամ)։ 2017 թ-ի ընթացքում նախորդ տարվա համեմատ աճել են նաև տեղական տուրքերի գանձումներից ստացված մուտքերը։ Սրան հակառակ՝ կտրուկ նվազել են 2016 թ-ի նկատմամբ տեղական վճարների գանձումները (երևում են «Վարչական գանձումներ» տողում)։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2015, 2016 և 2017 թվականներին օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Մարտունի համայնքը չի կրում որևէ բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի նախատեսվել՝ համաձայն օրենքի։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4)։ Խոշոր հաշվով՝ համայնքի տարեկան ծախսերը չեն փոփոխվել դիտարկվող տարիների ընթացքում։ 2015 և 2016 թվականներին դրանք գրեթե չեն փոխվել, իսկ 2017 թ-ին աճել են ընդամենը 4 մլն դրամով։

Բյուջեի ծախսային ուղղվածությունը խոշոր հաշվով ուղղված է ընթացիկ ծախսերի իրականացմանը։ 2015թ-ին բյուջետային ծախսերի 87.9%-ը ուղղված են եղել միայն ընթացիկ գործունեության իրականացմանը (բյուջեի վարչական մաս)։ 2015թ-ին բյուջետային ընդհանուր ծախսերի 12.1%-ի չափով իրականացվել են կապիտալ աշխատանքներ։

Նմանատիպ պատկեր է նաև 2016 և 2017 թվականներին, ընդ որում, տարեցտարի համայնքի բյուջեի ֆոնդային մասից ծախսումները նվազում են՝ 2017 թ-ին կազմելով ընդհանուրի ընդամենը 4.4%-ը։ 2016թ-ին նույնանուն ցուցանիշը եղել է 9.3%։
2015-2017 թթ բյուջետային ծախսերը ըստ գործառնական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը.
Ինչպես կարելի է նկատել, 2015 թ-ին բյուջետային ծախսերի խոշոր մաս է կազմում (40%) կրթության ոլորտում ծառայությունների մատուցումը, ինչը խոսում է համայնքում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման նկատմամբ պատշաճ վերաբերմունքի մասին։

Հաջորդ խոշոր մասնաբաժինը, մոտ 31%, կազմում է ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մատուցումը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման և դրան առնչվող ծախսերը։

Հաջորդ խոշոր մասնաբաժինը, մոտ 13%, ունեն հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտների ծառայությունների մատուցման ծախսերը։ Զգալի մասնաբաժին ունեն տարեկան բյուջեում նաև շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը, ուր արտացոլվում են համայնքում աղբահանության ծառայության իրականացման ծախսերը, շուրջ 8% ընդհանուր ծախսումների մեջ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բաժինը կազմում է ընդհանուր ծախսերի 1%-ը։ Սոցիալական պաշտպանության ծախսերը 2015 թ-ին չեն գերազանցել ընդհանուրի 2%-ը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել։ Նմանատիպ պատկեր կարելի է նկատել նաև 2016 թ-ին։

Ի հաշիվ կրթության ոլորտի ծախսերի կրճատման՝ 2016 թ-ին համայնքում աճել են բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը։ Հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտի ծախսերը գրեթե չեն փոփոխվել։

Ծավալային առումով 2016 թ-ի նկատմամբ 2017 թ-ին էականորեն չեն աճել (ընդամենը՝ 4 մլն դրամ), սակայն նկատելի կերպով փոփոխվել են ոլորտային ծախսերի համամասնությունները։

Կտրուկ աճել են կրթության ոլորտի ծախսերը՝ կազմելով ընդհանուրի 41%-ը, ավելացել են նաև ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների բնագավառի ծախսումները՝ մոտ 4 մլն դրամով։ Բացասական փոփոխություն կա հանգիստ, մշակույթ, կրոն ոլորտներում, որտեղ ծախսերը կրճատվել են մոտ 11 մլն դրամով, իսկ բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ծախսերը կրճատվել են շուրջ 3.4 անգամ։

Այնուամենայնիվ նկատելի կերպով աճել են շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում իրականացված ծախսերը՝ շուրջ 14.2 մլն դրամով։

Գծապատկեր 6-ում առավել մանրամասն երևում են դիտարկվող տարիների ընթացքում, ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերը։
Գծապատկեր 7-ում արտացոլված է համայնքում հիմնական ծառայությունների տեսակի մատուցումը՝ ըստ կատարված ծախսումների և դիտարկվող տարիների։
Աղյուսակ 1-ում ներկայացված է ըստ գործառնական դասակարգման ոլորտների, համայնքում իրականացված ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ։
Գծապատկեր 8-ում տեսանելի է, թե ինչպիսի համամասնություն ունեն բյուջետային ծախսումները՝ ըստ գործառնական դասակարգման։ Տվյալների նման կերպ արտապատկերումը հնարավորություն է տալիս գնահատել, թե ըստ տարիների ինչպես են փոխվել դիտարկվող բնագավառի ծախսումները՝ ըստ դրա բաղադրիչ մասերի, մասնավորապես՝ բնագավառի ծախսումների մեջ ընթացիկ պահպանության ծախսերն են արտացոլված (վարչական մաս), թե կան նաև կապիտալ ծախսեր կամ ներդրումներ (ֆոնդային մաս)։
Գծապատկեր 8 Բյուջետային ծախսերի բնագավառները և ծախսերում բաղադրիչների համամասնությունը
~
Made on
Tilda