ԵԹԵ ԲՈԼՈՐԸ
Ինտերակտիվ համայնքային բյուջե
Մարտունին կարող է դառնալ Հայաստանի առաջին քաղաքը,
որտեղ կներդրվի մասնակցային բյուջե:
Սառա Խոջոյան
լրագրող
Արտագնա աշխատանքի Մարտունիից Ռուսաստան մեկնել են դեռևս խորհրդային տարիներից: Անկախությունից ի վեր շատ բան չի փոխվել. մինչ օրս էլ երիտասարդ ու միջին տարիքի տղամարդիկ տարվա մեծ մասն անցկացնում են արտերկրում` գումար վաստակելու նպատակով:
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում գրեթե 15 հազարի հասնող բնակիչների շուրջ մեկ երրորդն արտագնա աշխատանքի է: Քաղաքում մնացած ավելի քան 9000 բնակչից պաշտոնապես գործազուրկ են տարբեր տվյալներով 1500 - 7376 մարդ:

Մարտունի քաղաքի բնակչության նվազումը 2011 թվականից մինչև 2015 թվականը կազմել է 5,4%, ինչը շուրջ 18 անգամ գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը: Ըստ քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրի` ավելի քան 5 850 մարդ գտնվում է Մարտունի քաղաքի վարչական սահմաններից դուրս:

2016 թվականին քաղաքապետ ընտրված Արմեն Ավետիսյանը փորձում է այդ մտահոգիչ ցուցանիշներն օգտագործել որպես համայնքի զարգացման հավելյալ հնարավորություն: Համախմբելով արտերկրում աշխատող մարտունեցի գործարարների, ինչպես նաև տեղացի ձեռներեցներին, նրան հաջողել է մի շարք խնդիրներ լուծել համայնքում:

«7 մլն 400 հազ դրամ բյուջեից նախատեսել ենք մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների համար, բայց 15.2 մլն. դրամի աշխատանք է կատարվել: Առաջին ներդրումը արվել է իմ կողմից՝ 500 000 դրամ, մնացածը մեր գործարարների կողմից»,- ասում է քաղաքապետ Ավետիսյանը: Համայնքային ուժերով, առանց բյուջետային ծախսերի բարեկարգվել ու մաքրվել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող Մարտունու հանրային լողափը:
Մարտունու քաղաքապետ
Արմեն Ավետիսյան
վիդեո՝ Անահիտ Մինասյան
Շինարարության ոլորտում մասնավոր ներդրումներով էլ հենց պայմանավորված է, ըստ Ավետիսյանի, անցած տարի բնակարանաշինության և կոմունալ ծառայության ծախսերի 70% կրճատումը 2016-ի համեմատ:

Նույն սկզբունքով 35%-ով կրճատվել են նաև սոցիալական պաշտպանության ծախսերը, քանի որ, ըստ քաղաքապետի, «աջակցություն ստանում են նրանք, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն», մինչդեռ, աշխատանքի ունակ մարդկանց խրախուսում են աշխատել:

Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղերն են՝ գյուղատնտեսությունը և թեթև արդյունաբերությունը: Արմեն Ավետիսյանի խոսքով՝ քաղաքում նախատեսվում է գյուղմթերքի, քարի վերամշակման փոքրիկ արտադրամասեր բացել:

«Սարատովի նահանգապետի հետ արդեն պայմանավորվածություն ունենք, ուզում ենք մեր տարածքում առկա հումքը` բազալտ քարը, վերամշակել ու արտահանել: Անասնապահության ոլորտում էլ մի փոքրիկ ծրագիր ենք կյանքի կոչել: Լուսաձոր թաղամասում կաթնամթերքի արտադրություն է հիմնվել, դեռ 50 կով ունեն, բայց կարևորը սկսելն է»,- նշում է Ավետիսյանը:
Պաշտոնավարման առաջին իսկ օրից քաղաքապետ Ավետիսյանը օպտիմալացրել է որոշ ծախսեր: Սկսել է քաղաքապետարանի հեռախոսներից, անջատել է դրանք՝ համարելով հավելյալ ծախս բյուջեի համար:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի

Նույն համատեքստում նա առանձնացնում է լուսավորության վրա խնայված գումարները` ընդգծելով, որ 2017-ի համար ընդամենը համադրել է առկա լույսերի քանակն ու էլէկտրաէներգիայի օգտագործման ժամաքանակը, տեղեկացրել էլեկտրական ցանցերին, որ ավելին չեն վճարելու, ինչի շնորհիվ խնայել են 14 մլն դրամ:

«Շուտով փողոցային լուսավորության բարելավման մի ծրագիր ենք իրականացնելու` վարկ ենք վերցնելու, որպեսզի անցում կատարենք արևային էներգիայի օգտագործմամբ լուսավորության ու լամպերն էլ փոխարինենք լեդ տեսակով: Հաշվել ենք` այս նոր համակարգով քաղաքի 80 տոկոսը կլուսավորվի, ծախսերն էլ կփակենք խնայողությունների հաշվին: 5 տարի անց՝ 12 մլն դրամ կշահենք»,- նշում է Ավետիսյանը:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ներկայացուցիչ Եղիազար Դավթյանը նախկին քաղաքապետի օրոք եղել է ավագանու անդամ: Նրա դիտարկմամբ՝ համայնքի նոր ղեկավարի հանդեպ վստահություն կա, ահա թե ինչու համայնքն ակտիվ մասնակցում է քաղաքի զարգացմանը:

«2017-ին, օրինակ, եկեղեցու կառուցման համար 60 հազար դոլար հավաքվեց մարտունեցիների կողմից»,- նշում է Դավթյանը:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի Ինֆոտան համակարգող Լիանա Հովհաննիսյանը կարևորում է քաղաքի կառավարումն ավելի թափանցիկ դարձնելու քաղաքապետի դիրքորոշումը:

«Նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը հենց ինձ տեսնում էր ավագանու նիստերին, հարցնում էր` ինչո՞ւ ես եկել, լարվում էր: Գործող քաղաքապետն ավելի բաց է: Ավագանու նիստերի անցկացման օրվա և օրակարգի մասին տեղեկանում ենք նախօրոք»,- նշում է Հովհաննիսյանը:

Նա նկատում է՝ ավագանու նիստերից հեռարձակվող ուղիղ եթերներն ազդում են նրանց կայացրած որոշումների վրա:
«Նախկինում կարող էին դուրս գալ ու ստել, իսկ մարդիկ չէին կարող ստուգել: Բայց հասարակությունը նույնպես անտարբեր է, քանի որ չեն մտածում, որ ազդեցություն ունեն որոշումների ընդունման վրա», - ասում է Լիաննա Հովհաննիսյանը:
Եղիազար Դավթյանը, սակայն, համոզված է, որ իրենց ձայնը քաղաքապետարանում լսում են:
Լուսանկարները՝ Անահիտ Մինասյանի
«Ցավոք, մարդիկ միայն շենքերի ստվերում կանգնած են խոսում, անգամ ինչ-որ խնդրի վերաբերյալ որ ստորագրություններ են հավաքում, ասում են` մեր ստորագրությունը չերևա: Բայց խնդիրները լուծվում են, եթե դրանց մասին խոսում ենք: Անցած տարի` սեպտեմբերին, աղբահանության մեքենաների հետ կապված խնդիր կար, մեր ՀԿ-ի բլոգում նյութ հրապարակեցի, հարցը լուծվեց: Մեքենաները հրապարակում էին կանգնում, տեղ գտան ու տեղափոխվեցին»,- պատմում է Դավթյանը:

Նա հավելում է, որ անցած ամռանը նաև կոմունալ ծառայության մոնիտորինգ են իրականացրել. «Դրանից հետո ամեն օր զանգում են ու տեղեկացնում, որ իրենց գործն արել են, ավելին` կիրակի օրերն էլ են աշխատում: Պահանջատիրությունն օգնում է, հանրային վերահսկողությունն ազդում է որոշումների կայացման վրա, արդյունքներ տալիս է»:

Քաղաքացիական հասարակության և տեղական իշխանությունների համագործակցության արդյունքում ստեղծված հարթակը ապահովում է արդյունավետ պայմաններ Մարտունու զարգացման համար, որի մեջ առանցքային նշանակություն ունի մասնակցային բյուջեի ձևավորումը:
Քաղաքի խնդիրներից են՝ ներհամայնքային վատ ճանապարհները, գործազրկության բարձր մակարդակը, միգրացիան և գրեթե 80 % կազմող աղքատությունը:
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
 
 
 
 
Մարտունու էլեկտրոտեղակայման իրերի, պահածոների, պանրի, «Սիգմա» և «Անի» գործարանները և Մահուդի ֆաբրիկան այսօր կամ չեն աշխատում, կամ էլ աշխատում են իրենց հզորության 10%-ի չափով, ինչն էլ մեծացրեց գործազուրկների բանակը:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
 
 
 
 
 
 
 
 
Քաղաքի բնակչության 40% զբաղվում է գյուղատնտեսությամբ, իսկ 20%-ը՝ առևտրով:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
Կանայք այս քաղաքում տարվա մեծ մասն անցկացնում են առանց տղամարդկանց, ովքեր գարնան սկզբին մեկնում են արտագնա աշխատանքի (հիմնաականում ՌԴ) և վերադառնում աշնան վերջին, կամ Ամանորի նախօրեին:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
 
 
 
 
Քաղաքի բարեկարգված ու մաքրված հանրային լողափը դարձել է Մարտունու եզակի հանգստյան վայրը, որտեղ իրենց ազատ ժամանակն ու հանգիստն են անցկացնում ոչ միայն մարտունեցիները, այլև հանգստացողները:
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
 
 
 
 
 
 
 
 
Համայնքապետարանի և մասնավոր ներդրողների հաշվին 2015 թվականից սկսել և մինչև օրս շարունակվում է Մարտունու Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները:
Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի
 
 
 
 
Համայնքապետարանը պլանավորել է 2018 թվականին բարեկարգել բակային տարածքներ, ինչպես նաև վերանորոգման կարիք ունեցող ճանապարհների 30-40 %:
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի
Մասնակցային բյուջեն հնարավորություն է տալիս քաղաքի բնակիչներին բյուջեի որոշակի տոկոսը ինքնուրույն տնօրինել:

«Սա հանրային մասնակցություն է տեղական ինքնակառավարմանը: Տարեկան բյուջեի քննարկման ժամանակ խոստացան մինչև 5 մլն դրամ հատկացնել դրամաշնորհների տեսքով, սա դեռ պիտի քննարկվի ավագանու առաջիկա նիստերում»,- նշում է Հովհաննիսյանը:

Մարտունու տարեկան բյուջեի զգալի մասը ծախսվում է կրթության ոլորտում, 2017 թվականին` ընդհանուրի 40,6 %, ինչին հաջորդում են ընդհանուր բնույթի հանրային ծախսերը` 30 %, շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում ծախսվել է բյուջեի 13 %, հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտներում` 10 %:

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ծախսերը 2017-ին կազմել են ընդհանուրի ընդամենը 2 տոկոսը, իսկ սոցիալական պաշտպանությունը` 1 տոկոսը:


Մինչդեռ, ըստ Ուրբանիստայի օնլայն հարցման արդյունքների, բնակիչների կարծիքով, քաղաքի բյուջեն առավելապես պիտի ծախսվի ճանապարհաշինության ու բակային տարածքների բարեկարգման վրա:
Արմեն Ավետիսյանը նշում է. 2018 թվականին կբարեկարգեն վերանորոգման կարիք ունեցող ճանապարհների 30-40 տոկոսը, ինչպես նաև բակային տարածքներ:

«Ամենաշատ գումարները գնում են ճանապարհաշինությանը: 30 մլն դրամ է ծախսվում 300 մետր ասֆալտի համար, սակայն դա մարդկանց աչքին չի երևում»,- նշում է քաղաքապետը: Նա կարևորում է այն հանգամանքը, որ կարողացել են հարկերը հավաքագրել 118 տոկոսով:
Ուրբանիստայի կատարած վերլուծության համաձայն` 2017 թվականին, 2016-ի համեմատությամբ, բյուջեի եկամուտներն աճել են ավելի քան 12 տոկոսով կամ 41 մլն դրամից ավելի՝ հասնելով 366 միլիոնի, այդ թվում՝ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան աճել է 600 հազար դրամով:

«230 մլն դրամ դոտացիա ենք ստանում, 250 մլն դրամ աշխատավարձ վճարում: Բնակչության թվաքանակով դոտացիա տալը սխալ է: Համայնք կա, որ չունի ոչ մի կից կառույց, մենք ունենք 11 կից կառույցներ՝ մանկապարտեզներ, մշակույթի դպրոց: Մարտունեցիները պահանջկոտ են, ինքս էլ ավագանուն հորդորում եմ` աշխատել ու ներկայացնել, թե քաղաքացիներն ի՞նչն են կարևորում»,- նշում է Ավետիսյանը:




Բյուջեի հավաքագրման գործում 2016-ի համեմատ 2017-ին էական է եղել տնտեսական հարաբերությունների ոլորտում արձանագրված 216 տոկոս աճը: «Բոլոր տարածքները, օրինակ՝ որ անհատույց էին տրված ինչ-որ կազմակերպությունների, դարձրել ենք վարձակալությամբ: Դա էլ ժողովրդի սեփականությունն է», - բացատրում է Ավետիսյանի:

Բյուջեի ֆոնդային հատվածում գրեթե 47 մլն դրամ հավաքագրելու շնորհիվ քաղաքապետարանը դիմել է կառավարություն սուբվենցիայի համար` ճանապարհաշինության ծրագրով:

«Հաստատվել է 94 մլն դրամ արժողությամբ ծրագիր, մենք մեր 47 մլն դրամից 38 մլն-ը կօգտագործենք, նախատեսել ենք ներքաղաքային փողոցները հիմնանորոգել մինչև մայր փողոցներ: Ուզում եմ շեշտել, որ այն փողոցները չենք ընտրել, որ տանում են մեր տուն, այլ կարևոր նշանակության փողոցներ, որոնք հաստատել է ավագանին»,- ներկայացնում է քաղաքապետը:
Անցած 3 տարիներին շրջակա միջավայրի պաշտպանության, մասնավորապես, աղբահանության ծախսերը Մարտունու բյուջեում ավելացել են: Ըստ Ուրբանիստայի վերլուծության` 2015-ի համեմատությամբ 2017-ին աղբահանության ծախսերն աճել են 20 մլն դրամով` կազմելով ավելի քան 45 մլն դրամ կամ նախորդ տարվա բյուջեի 13 տոկոսը:

Քաղաքապետ Ավետիսյանը կարևորում է աղբահանության ծառայության կադրային քաղաքականությունն ու մարդկանց վարձատրությունը, ինչի համար էլ ավելացրել են ոլորտի ծախսերը:



«Չեմ կարծում, որ 120 հազար դրամը շատ է մի մարդու համար, որ առավոտյան վեցից մինչև երեկո աշխատում: Անցած տարիներին ամենաշատը ծախսել ենք մեքենաները մասամբ վերանորոգելու վրա, 2018-ին ծախսերը կրճատվել են, քանի որ աղբահանության կայացած համակարգը կարողանում է արդեն կես գումարով գործել»,- նշում է քաղաքապետը:

Մարտունին փորձ է անում զարգացման նոր մոդելով առաջնորդվել, ներգրավվելով քաղաքի զարգացմանը՝ հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, գործարարներին: Տեղի քաղաքացիական հասարակության կարծիքով, ամենակարևոր ձեռքբերումը կարող է դառնալ մասնակցային բյուջեի ձևավորումը, ինչի շնորհիվ կմեծանա է վստահությունը՝ տեղական իշխանության և քաղաքացու միջև:
~
Made on
Tilda