Մոդեռնիստական քաղաքն ատոմակայանի ստվերում
Մեծամոր քաղաքը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար, կարծում են երիտասարդ ճարտարապետները
Մեծամոր քաղաքը հիմնադրվել է Հարավային Կովկասի առաջին ատոմակայանի շուրջ 1970-ականների սկզբին: Սովետական միության ժամանակ կառուցված շատ արդյունաբերական քաղաքների պես, այն պետք է դառնար ընդամենը բնակելի ավան Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցների համար: Սակայն ի տարբերություն մյուս քաղաքների՝ Մեծամորը կառուցեց մեկ ճարտարապետ՝ Մարտին Միքայելյանը, խորհրդային մոդեռնիզմի յուրահատուկ լուծումներով: Դրա մասին, սակայն, քչերը գիտեն:
Երևանում գործող «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը «Վերանայելով Մեծամորը» ծրագրի միջոցով փորձում է հանրության լայն շերտերի համար հայտնի դարձնել այս քաղաքը հատկապես ճարտարապետությամբ` «մաքրելով ատոմակայանի՝ քաղաքի վրա թողած փոշին»:

Ստեղծվել է արվեստագետների հետազոտական խումբ, որն ուսումնասիրել է Մեծամորը՝ որպես սովետական մոդեռնիզմի քաղաք, և ՀԷԿ-ի պատմությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքային միջավայրի հետխորհրդային զարգացումներին, շրջակա միջավայրի պահպանության մտահոգություններից և մարտահրավերներից բխող հարցերին։
Մոդեռնիստական քաղաքն ատոմակայանի ստվերում
video
Կազմակերպության ծրագրերի համակարգող Արմինե Շահբազյանն առանձնակի շեշտում է նաեւ քաղաքի անորոշ ապագայի հարցը: «Հեռանկար կա, որ 10 տարի հետո ատոմակայանը կփակվի, ու պարզ չի, թե ի՞նչ ճակատագիր կունենա այդ ժամանակ քաղաքը»։

Արմինեն մատնանշում է իրենց հետազոտության արդյունքները:Դրանց համաձայն քաղաքի բնակիչների մեծ մասն աշխատում է ատոմակայանում, և նրանց գերակշռող մասը տղամարդիկ են։ Եթե ատոմակայանը փակվի, նրանք կմնան առանց աշխատանքի և այլընտրանքի։

Հենց այդ այլընտրանքն ստեղծելը ծրագրի հաջորդ նպատակն է՝ պահպանելով և վերականգնելով Մեծամորի ճարտարապետությունը՝ դարձնել այն գրավիչ քաղաք այցելող զբոսաշրջիկների և տեղացիների համար։ Տուրիզմի զարգացման շնորհիվ էլ հնարավոր կլինի ստեղծել եկամտի այլընտրանքային միջոցներ։
Մեծամորի բոլոր այցելուները անցնում են ոստիկանական անցակետով
Սկզբնական պլանի համաձայն Մեծամորը պետք է ունենար բնակելի երեք միկրոշրջան` համաքաղաքային նշանակություն ունեցող շենքերով, հիվանդանոցային համալիրներով, ինչպես նաև՝ կոմունալ կենցաղային շինությունների գոտիով: Սակայն Սպիտակի երկրաշարժի, Սովետական միության փլուզման, 90-ականների սկզբին ատոմակայանի աշխատանքի դադարեցման պատճառով քաղաքի շինարարությունը կիսատ է մնացել: Կառուցվել ու շահագործվել են միայն քաղաքի առաջին միկրոշրջանը և կենտրոնի հիմնական շենքերը, որոնց թվում են մոդեռնիստական ճարտարապետությամբ աչքի ընկնող սպորտային համալիրը, մշակույթի պալատը եւ հյուրանոցը:
Սպորտային համալիր
Մեծամորի սպորտային համալիրը կառուցվել է մոտ մեկ տասնամյակում՝ 1975-1986 թվականներին։ Նախատեսված էր, որ այն պետք է լինի տարածաշրջանի ամենամեծ սպորտային կառույցը։ Բաղկացած է 3 բլոկից, ամեն բլոկում կան առանձին դահլիճներ տարբեր սպորտաձևերի համար։ Ունի 2 լողավազան՝ մեծ և փոքր, ինչպես նաև մեծ լողավազան բակում՝ նախատեսված կայակ քշելու համար։ Լողավազանը կառուցվել է 1986 թվականին, և երբեք չի շահագործվել, պատճառը նույնպես սովետական միության փլուզումն էր։
Սուրեն Քոչարյանը սպորտային համալիրում է աշխատում արդեն 9 տարի, եղել է գլխավոր մեթոդիստը, և արդեն 7 տարի է՝ մարզահամալիրի տնօրենն է։ Սուրեն Քոչարյանի խոսքով, թեպետ համալիրը գտնվում է ոչ բարվոք, կիսաքանդ վիճակում, միևնույն է՝ չի դադարում սաներ ունենալ։ Դասավանդվում են ֆուտբոլ, թեթեւ ատլետիկա, բասկետբոլ, ըմբշամարտ, կարատե, քինգբոքս, ակրոբատիկա։ Կար ժամանակ, երբ գործում էր փոքրերի համար նախատեսված լողավազանը։ Սական արդեն 4 տարի է՝ այն փակվել է. ջրահեռացման խողովակները վնասված էին, կար ջեռուցման խնդիր։
Մշակույթի պալատ
Մեծամորի մշակույթի պալատը հիմնադրվել է 1975-1986 թվականներին, ավելի ուշ այն սկսել է կրել Վազգեն Սարգսյանի անունը: 694 տեղանոց Մշակույթի պալատում այսօր սովորում է մոտ 100 սան։ Գործում են ազգագրական, ժողովրդական պարերի և կերպարվեստի խմբակներ։ Մշակույթի պալատում է տեղակայված նաև քաղաքի միակ գրադարանը:

Ռազմիկ Գեղամյանը հիմնադրման օրվանից եղել է պալատի տնօրենը։ Շատ լավ հիշում է՝ ԽՍՀՄ-ի ժամանակ ուրիշ էր պալատը, պալատի կյանքը՝ գալիս էին առավոտյան և մինչ ուշ գիշեր աշխատում էին։ Այդ տարիներին այստեղ բեմադրություններով ելույթ են ունեցել Ուկրաինայի, Բելառուսիայի պետական թատրոնները, հյուրախաղերով եղել են նաև երևանյան տարբեր թատրոններ։ Ուրախությամբ հիշում է՝ հյուրեր են ունեցել նույնիսկ Մոզամբիկից։
Տնօրենը մատնանշում է մշակույթի տան երկու հիմնական խնդիրը՝ հսկայական շենքի ջեռուցումը և տանիքի անսարքությունը, որի պատճառով առաստաղները կաթում են։ Չնայած դրան, Ռազմիկ Գեղամյանն ասում է՝ թեպետ մոտակա Արմավիրում վերանորոգված մշակույթի տուն կա, միևնույն է, մեծ միջոցառումների ժամանակ իրենց մոտ են գալիս: Տնօրենը կառավարության հետ հույսեր չի կապում, ասում է՝ մոտ 6 տարի առաջ եկան, գրանցեցին, բայց ոչինչ էլ չարեցին։
Հյուրանոց
65-ամյա Գեւորգ Մարգարյանի ընտանիքն այն 12 ընտանիքներից էր, որոնք 1970 թվականին, թողնելով Շիրակի մարզն,առաջինը մուտք գործեցին Մեծամոր։ 17 տարեկան էր, ավարտել էր գյուղական դպրոցը եւ ընտանիքի հետ ցանկանում էր ապրել հեռանկար ունեցող քաղաքում։Հիշում է՝ քաղաքի ձախակողմյան մասում փայտե տնակների ավան էր, որտեղ էլ ապրում էին։ Բոլոր ընտանիքները ներգրավված էին նոր կառուցվող ատոմակայանի շինարարությունում։ Գևորգի հայրը մինչ այդ պարբերաբար մեկնում էր արտագնա աշխատանքի, մայրն էլ վատառողջ էր, հենց մոր ցանկությունն էր ընտանիքի անդամների համար գտնել հիմնական աշխատանք եւ անցնել կայուն կյանքի։ Գևորգի հայրը շինղեկ էր ատոմակայանում։
Գեւորգ Մարգարյան, Մեծամորի միակ հյուրանոցի պահակ
Ինչպես Գևորգն է հիշում՝ «շինարությունը եռում էր», միգուցե դա էլ նպաստեց, որ ինքն ընտրի շինարար-ճարտարապետի մասնագիտությունը։ Այսօր, սակայն, Գևորգն իր մասնագիտությամբ չի աշխատում, ներկայումս զբաղվում է պահակությամբ Մեծամորի միակ՝ չգործող հյուրանոցում։

Հյուրանոցը, թերևս, հույսի այն նշույլներից էր, որ քաղաքը «կապրի» եւ կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը։ Սակայն, ինչպես քաղաքի՝ Սովետական մոդեռնիզմի վառ օրինակներ հանդիսացող մյուս շինությունները՝ Մշակույթի տունը, Սպորտային համալիրը, հյուրանոցը նույնպես անտեսվեց:
Մեծամորի 123 տեղանոց հյուրանոցը կառուցվել է 1974-1977թվականներին։ Խորհրդային միության փլուզումից հետո էլ գործել է, սակայն երբեք չի եղել այն մարդաշատ վայրը, որը նախագծելիս կերազեր ճարտարապետը։ Արդեն մեկ տարի է՝ վերջնական փակվել է եւ, ինչպես տեղացիներն են ասում՝ դժվար էլ բացվի։ Հյուրանոցը 5 հարկանի է, պատուհաններից երևում է քաղաքը՝ մի կողմից բնակելի թաղամասը, մյուս կողմից՝ ատոմակայանը։ Հյուրանոցում այսօր գործում է շախմատի խմբակ։
~
Made on
Tilda