Հայաստանի քարտեզից դուրս

Հայաստանի տեղանունները հիշեցնող յոթ վայր աշխարհի քարտեզին
Ուրբանիստա
խմբագրություն
Աշխարհում առնվազն յոթ տեղանուններ իրենց նմանակն ունեն Հայաստանում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Մեղրի, Մասիս, Դիլիջան կամ Կապան տեղանուններով համահունչ քաղաքների կարելի է հանդիպել բոլորովին մեկ այլ մայրցամաքում:

1
Մեղրի, Հայաստան:
Գտնվում է Սյունիքի մարզում, հայ-իրանական սահմանին, Երևանից 373 կմ հարավ՝ նույնանուն գետի ափին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավում։ Բնակչությունը` 4601 մարդ, մակերեսը՝ 3 կմ²: Հայաստանի ամենահարավային ու ամենաքաղցրահամ քաղաքը, շատերիս համար ասոցացվում է արքայանարնջով, թզով, նռով ու քաղցրահամ չրերով:
Մեգրի (Mégrit) Բրետան, Ֆրանսիա:
Բնակչությունը՝ 803 մարդ, մակերեսը՝ 20.63 կմ²: Առաջին անգամ բնակավայրը հիշատակվել է 1108-1110 թթ.: Քաղաքը հետաքրքիր է միջնադարյան եկեղեցիներով, 18-րդ դարից ի վեր պահպանված շինություններով:

2
Թալին, Հայաստան:
Գտնվում է Արագածոտնի մարզում, փռված է Արագած լեռան հարավային փեշերին, Արտենի լեռան մոտ: Բնակչությունը՝ 5000 մարդ, մակերեսը՝ 4,4 կմ²: Ծովի մակարդակից բարձր է՝ 1585 մ: Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության», Թալինը հիմնադրվել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։
Տալլին, Էստոնիա:
Գտնվում է Էստոնիայի հյուսիսում՝ Ֆիննական ծոցում, տարածքը՝159.2 կմ², բնակչությունը՝ 440,950: Էստոնիայի բնակչության մոտ 32%-ը ապրում է Տալլինում: Տարբեր աղբյուրների համաձայն քաղաքն իր անվանում է առել. taani linn (դանիական քաղաք), tali linn (ձմեռային քաղաք) կամ talu linn (քաղաք ամրոց) անվանումներից:

3
Դիլիջան, Հայաստան:
Քաղաք Տավուշի մարզում, Աղստև գետի ափին։ Հեռավորությունը Երևանից՝ 99 կմ։ Բնակչությունը՝ 23.700 մարդ, մակերեսը՝ 13 կմ²: 19-րդ դարի 30-ական թվականներին այստեղ բնակություն հաստատեցին ռուս մոլոկանները, իսկ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ մեծահարուստները Դիլիջանում սկսեցին կառուցել իրենց ամառանոցները: Դիլիջանը լեռնակլիմայական առողջարան է։
Դելիջան, Իրան:
Բնակչությունը՝ 31,852 մարդ: Թեհրանից դեպի հարավ գտնվող Դելիջանի բնակիչները խոսում են հին-պարսկերենին մոտիկ բարբառով: Քաղաքը հարուստ է ոչ միայն բազմաթիվ գորգագործական գործարաններով, այլև շրջակայքում գտնվող հանքային ջրերի աղբյուրներով և հինավուրց քարանձավներով: Նախատեսվում է, որ Հայաստանում և Իրանում գտնվող Դիլիջանն ու Դելիջանը կդառնան քույր քաղաքներ:

4
Կապան, Հայաստան:
Քաղաք Սյունիքի մարզում, գտնվում է երկրի հարավ-արևելքում,Երևանից՝ 320 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա: Բնակչության թիվը՝ 42 700 մարդ, քաղաքի մակերեսը՝ 36 կմ²:
Կապան, Նեպալ:
Մայրաքաղաք Կատմանդուի հյուսիսում տեղակայված թաղամասերից մեկն է, հայտնի է համանուն երկու բուդդիստական վանական համալիրներով: Բնակչությունը՝ 48,463 մարդ:

5
Երևան,Հայաստան:
Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Բնակչության թիվը՝ 1.068.000 է, մակերեսը՝ 227 կմ²։ Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: Այս տարի Երևանը կդառնա 2800 տարեկան։
Երավան (Eravan) ջրվեժ/ազգային պարկ՝ Թայլանդում

Թայլանդի ամենահայտնի ազգային պարկերից մեկը, Երեուանինը, հիմնվել է 1975 թվականին և հայտնի է սաղարթախիտ անտառի խորքում թաքնված կասկադային գեղատեսիլ համանուն ջրվեժով: Ի դեպ անվանումը ծագում է հինդուական դիցաբանության եռագլուխ սպիտակ փղի անունից:

6
Գյումրի, Հայաստան:
Համարվում է երկրի երկրորդ քաղաքը: Տարածքը՝ 3626 հա, բնակչության թիվը՝ 118, 6 հազար մարդ: Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը՝ իր ուրույն ավանդույթներով, կենցաղով և հոգեբանությամբ՝ նաև բարբառով, հայրենասիրությամբ, սրամտությամբ, հումորով ստեղծել է յուրատեսակ միջավայր: Գյումրին արհեստների ու արվեստների քաղաք է:
Գումերի (Goomeri), Ավստրալիա:
Քաղաքի անվանումը ցեղերի լեզվով նշանակում է <<կոտրած վահան>>: Ավստրալիական Գումերին այսօր առավել հայտնի է տեղական բնամթերքներից պատրաստված ուտեստներով, որոնք մատուցվում են փոքրիկ քաղաքի գողտրիկ ռեստորաններում: Քաղաքը հայտնի է իր տեղական պանրով և ձիթենու այգիներով: Բնակչությունը՝ 664:

7
Մասիս, Հայաստան:
Գտնվում է Երևանից՝ 14 կմ հեռավորության վրա՝ Արարատի մարզում: Բնակչությունը՝ 23670 մարդ, մակերեսը՝ 18.7 կմ²: Մասիսը զարգացել է, որպես Երևանի արբանյակ քաղաք։ 1960-ական թվականների վերջերից սկսած՝ քսան տարում, Մասիսը նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրքի և զարգացած երկաթուղային հանգույցի շնորհիվ ձեռք էր բերել հանրապետության խոշորագույն մատակարար քաղաքի կարգավիճակ։ Այստեղ է տեղակայված Երևանը սպասարկող խոշոր երկաթուղային հանգույցը, Արարատյան դաշտի գյուղատնտեսական մթերքների պահածոյացման մի շարք գործարաններ:
Մասիսի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:
Բնակչությունը՝ 6,502 մարդ: Մասիսի քաղաքը տեղակայված է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսում` Հյուսիսային Կիվու նահանգում, որը սահմանակից է Ռուանդային և Ուգանդային: Վերջին տասնամյակում Մասիսիի տարածաշրջանն աշխարհին առավել հայտնի է որպես ցեղամիջյան արյունոտ ընդհարումների տարածք: Ռուանդայի ցեղասպանությունից հետո, փախստականների ալիքը ներխուժեց Մասիսի: Արդեն 2007 թվականին այստեղ ընթանում էին թեժ մարտեր կառավարական զորքերի և ապստամբ խմբավորումների միջև:
~
Made on
Tilda