Սիրիուս՝ աստղի անկումը
Աբովյան քաղաքը, խորհրդային այլ արդյունաբերական ավանների նման, կառուցվել է գործարանների շուրջ: «Սիրիուս» կիսահաղորդչային սարքերի գործարանը քաղաքի ամենամեծ հույսն էր:
Անուշ Առաքելյան
լրագրող
Սիլվա Շախլամյան
ֆոտո/վիդեո
Տանիքում վաղուց մոռացված, սակայն բազմաթիվ հիշողություններ պարունակող կարմիր ռադիոզարթուցիչի փոշին խնամքով մաքրելով Ժորա Դաբաղյանը փորձում է այն միացնել, հետո հիշում է, որ չի աշխատում ու ափսոսանքով մի կողմ է դնում:

«Ժամանակին այս ռադիոզարթուցիչները ոչ բոլորին էին հասանելի և չէին զիջում մյուս մեդիատեխնիկաներին: Էս սարքը հիշեցնում է գործընկերներիս, մեր ապրած կյանքը: Նրանցից մեծ մասը հիմա Հայաստանում չեն, բայց կապը պահում ենք միշտ ու հիշում մեր աշխատանքային տարիները, որոնք անցկացրել ենք «Սիրիուս»-ի գործարանի մեր արտադրամասում»,-ասում է Երևանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյանի բնակիչ 50-ամյա Ժորա Դաբաղյանը, ով նաև բազմազավակ հայր է:

Խորհրդային տարիներին, բազմաթիվ աբովյանցիների նման Դաբաղյանը աշխատել է 8300 աշխատատեղ ապահովվող «Սիրիուս» գործարանում, որը հիմնադրվել էր դեռևս 1967 թվականին: Այստեղ աշխատում էին, ոչ միայն աբովյանցիներ, այլև մասնագետներ տարբեր երկներից, ովքեր աշխատանքի անցնելով «Սիրիուս»-ում, հետագայում բնակություն են հաստատում Աբովյանում:

Աբովյանի բնակիչներից Ջեմմա Անտոնյանը նույնպես աշխատել է «Սիրիուս» գործարանում: Հիշում է, թե ինչպես բուհն ավարտելուց անմիջապես հետո մի քանի երիտասարդներով քննություն են հանձնում և ընդունվում աշխատանքի գործարանում:
Երեւանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Աբովյանը ժամանակին արդյունաբերական խոշոր կենտրոն է համարվել:
 
 
 
 
 
 
 
 
Աբովյանի քաղաքապետարանի շենքը
50-ամյա Ժորա Դաբաղյանը պահպանել է «Սիրիուս» գործարանում արտադրված ռադիոզարթուցիչը իբրև անցյալ կյանքից մի հուշանվեր
 
 
 
 
 
 
 
 
Այսօր «Սիրիուս» գործարանի նախկին աշխատող, բազմազավակ հայր Ժորա Դաբաղյանը աշխատում է որպես վարորդ
«Ասում էին, որ գործարանը կարծես երկնքից իջած Սիրիուս աստղը լինի ու որ դա մեծ հաջողություն կբերի հայ ազգին», - հիշում է «Սիրիուս» գործարանի նախկին աշխատող Ջեմմա Անտոնյանը
 
 
 
 
«Սիրիուս» գործարանում, որը հիմնվել էր 1967 թվականին, աշխատում էր 8300 մարդ
 
 
 
 
 
 
 
 
Գործարանը դադարեց աշխատել 1992 թվականին, ավելի ուշ վաճառվել է ներսի սարքավորումները
 
 
 
 
Այսօր «Սիրիուս» գործարանի մասնաշենքերի մի մասում գործում են լիմոնադի, սնկի, մակարոնի փոքրիկ արտադրամասեր, մի հատվածն ել մնում է ամայի
«Երևանցիներն էլ այդ տարիներին շատ սիրեցին Աբովյանը: Այն ժամանակ փոքրիկ երիտասարդական քաղաք էր, որը բավականին արագ էր զարգանում: Ես էլ Էջմիածնից տեղափոխվեցի Աբովյան, իմ ապագան ուրիշ ոչ մի տեղ չէի պատկերացնում: Կանաչն ու մաքուր օդը գրավում էին մարդկանց, սակայն այսօր Աբովյանում աշխատանքի հեռանկարները գնալով նվազում են»,-ասում է 53-ամյա Ջեմմա Անտոնյանը:

1992 թվականին գործարանը դադարեցնում է իր գործունեությունը: Հետագայում վաճառվում են ներսի սարքավորումները: Հսկայական տարածք զբաղեցնող մասնաշենքերի մի մասը քանդում են, մյուս մասը` մնում է ամայի: Այսօր գործարանի մասնաշենքերի մի մասում գործում են լիմոնադի, սնկի, մակարոնի փոքրիկ արտադրամասեր:

2017 թվականի գարնանը նախընտրական քարոզչության շրջանակներում աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ «Սիրիուս» գործարանը չի վերագործարկվի:

« «Սիրիուսը» և նմանատիպ մյուս գործարաններն ակտուալ չեն և անհեռանկարային է դրանք նորից վերագործարկելը: Եթե փորձենք հին արտադրությունը վերականգնել, մենք ուղղակի շուկա չենք գտնի, դա անապագա, անհեռանկար ջանք կլինի»,-ասել է վարչապետ Կարապետյանը՝ հավելելով, որ հնարավոր է այդ տեղում ուրիշ աշխատատեղեր բացել:

Այնուհանդերձ աբովյանցիները շարունակում են հպարտությամբ հիշել, երբեմնի ծաղկուն արդյունաբերական քաղաքի անցյալը:
Սիրիուս՝ աստղի անկումը
վիդեո՝ Սիլվա Շախլամյան
Ժորա Դաբաղյանը նշում է. քաղաքի լավագույն շրջանը՝ խորհրդային տարիներն էին:

«Այդ տարիներին Աբովյանում երիտասարդները շատ էին, շահագործվում էին մի քանի գործարաններ, որոնք մեծ ազդեցություն էին թողնում քաղաքային կոլորիտի ձևավորման, կոլեկտիվ մտածողության ձևավորման վրա»,-ասում է նա և ավելացնում, որ շատ օտարեկրացիներ հենց «Սիրիուս»-ով էին ճանաչում Աբովյանը:

Խորհրդային տարիներին Աբովյանը համարվում էր Հայաստանի կարևորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը: Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս էր ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում էր էլեկտրոնային սարքաշինությունը: Այստեղ գործում էին միութենական նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ:

Քաղաքի բնակչության զբաղվածությունը ապահովում էին քաղաքում գործող բազմաթիվ գործարանները: Դրանցից ամենահայտնիներն էին «Չափիչ» և «Սիրիուս» գործարանները: Տեխնիկական և էլեկտրոնային սարքավորումներ արտադրող այս գործարաններից «Սիրիուսը» համարվում էր ամենախոշորը:

Ժորա Դաբաղյանը մտահոգված նշում է. այն տարիների հետ համեմատ շատ բան է փոխվել քաղաքի կյանքում:
«Նախկինում Աբովյանը տարբեր երկրներից բնակիչներ ուներ, այսօր աբովյանցիներն են լքում քաղաքն ու ցրվում ամենուրեք: Մարդիկ մտահոգ են դարձել, հացի խնդիր ունեն: Փորձում են ժամանակավոր աշխատանքներով ընտանիք պահել»,-ասում է նախկին «Սիրիուսը»-ի աշխատակիցը, ով այսօր իր ընտանիքը պահում է տաքսու վարորդ աշխատելով, ժամանակ առ ժամանակ էլ արտագնա աշխատանքի մեկնելով:

Ըստ «Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոնի»` քաղաքում գործազուրկ է մոտ 2100 մարդ: Առավել գերակշռող են սպասարկման, հանրային սննդի, սննդի արդյունաբերության ոլորտները:

Աբովյանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նժդեհ Հովսեփյանը նշում է, որ նախատեսվում է համագործակցություն չինական ընկերություններից մեկի հետ: Վերջերս նաև քաղաքապետն այցելել է Թեհրան և նպատակ կա Աբովյանում նոր գործարան ստեղծել:
~
Made on
Tilda