Երևանը` «խելացի քաղաք» դառնալու ճանապարհին
Մոտակա հինգ տարիներին մայրաքաղաքում կներդրվեն կառավարման նոր համակարգեր:
Անի Նազարյան
լրագրող
Քաղաքների խիտ բնակեցումը ստիպում է կառավարիչներին մտածել էներգախնայող, էկոլոգիապես մաքուր ու անվտանգ քաղաքային միջոցներ կիրառելու մասին։ Մայրաքաղաք Երևանը այդ միտումներից փորձում է հետ չմնալ` որոնելով և գտնելով նոր տեխնոլոգիական լուծումներ:
Մայրաքաղաքի "խելացիացմամբ" զբաղվող Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը որդեգրել է «Խելացի քաղաք» նախագծի զարգացման հետևյալ ուղղությունները` Խելացի տնտեսություն և միջավայր; Խելացի քաղաքապետարան; Անվտանգ և դիմակայուն քաղաք; Կանաչ քաղաք; Խելացի քաղաքացի:

Այժմ աշխատանքային խումբը մշակում է «Խելացի քաղաք» նախագծի հայեցակարգը. հստակեցվում են ռազմավարությունը, առաջնահերթությունները, դիտարկվում է ներդրումներ գրավելու հնարավորությունը:
1
Տրանսպորտ
Երևանի՝ խելացի քաղաք դառնալու հիմնական նախապայմաններից է տրանսպորտային համակարգի բարելավման համալիր ծրագիրը: Այն իրականացնում են WYG International ընկերությունն ու «Ամերիա» ՓԲԸ-ն՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի վերահսկողությամբ։

«Նախատեսվում է ունենալ միջազգային չափորոշիչներին համապատասխան հասարակական տրանսպորտի երթուղային ցանց, ինտեգրված սակագին և տոմսային համակարգ, հարմարավետ (նաև սահմանափակ կարողություններով մարդկանց համար) ավտոբուսներ, ուղևորների տեղեկատվական համակարգ, որը ներառելու է առկա չվացուցակի ժամատախտակների բարելավում և ընդլայնում, բջջային հավելված և կայք»,-տեղեկացնում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Փոփոխությունների վերաբերյալ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հանգամանալից զեկույցում նշվում է` նոր երթուղային ցանցի մշակման հիմքում կդրվի երթուղիների կրկնությունը բացառելու սկզբունքը։ Կլինեն մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ, իսկ մի քանի առանձին երթուղիների համար կշահագործվեն միայն միջին չափսի ավտոբուսներ և միկրոավտոբուսներ: Ամբողջովին կբացառվի վարորդ-ուղևոր դրամային շփումը. կգործի էլեկտրոնային և միասնական տոմսային համակարգը: Կբացառվեն նաև կրկնակի վճարումները մի կետից մյուսը մի քանի տրանսպորտային միջոցից օգտվելիս:

Տրանսպորտային միջոցները հագեցած կլինեն հովացման և ջեռուցման, անվտանգության, GPRS, GPS համակարգերով: Դրանց միջոցով երթուղայինում և կանգառներում ուղևորը հնարավորություն կունենա տեղում ստանալ տեղեկատվություն ավտոբուսների տեղաշարժի, չվացուցակի և պարբերականության վերաբերյալ։ Ժամանակակից կանգառասրահների անբաժան բաղադրիչները կլինեն էլեկտրոնային չվացուցակները, էլեկտրոնային տոմսերի լիցքավորման կետերը, ինտերնետային ցանցին միանալու հնարավորությունն ու տեղեկատվական այլ միջոցներ:

Տրանսպորտի որակյալ սպասարկումը լիարժեք դարձնելու համար ենթադրվում է վարորդների մասնագիտական վերապատրաստում: Սահմանվելու են վարորդի վարքագծի կանոններ, ապահովվելու է տրանսպորտային միջոցի ներքին և արտաքին վայելուչ տեսք:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների արդյունքում էլեկտրականությամբ աշխատող փոխադրամիջոցը նույնպես կթարմացվի։ Երկարաժամկետ հեռանկարում կշահագործվի այլ փոխադրամիջոցների հետ միմյանց փոխլրացնող տրոլեյբուսների 10 նոր երթուղի:


2
Երթևեկության կարգավորում
Երևանը խելացի քաղաք դարձնելու գործում մեծապես ներգրավված է նաև «Հուավեյ թեքնոլոջիս Արմենիա» (Huawei Technologies Armenia) ընկերությունը, որը պատրաստ է կառավարության հանձնառության և դրամական միջոցների դեպքում լուծումներ մշակել մայրաքաղաքի համար։

Ընկերությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ և պատրաստվում է գործարկել տեսապատկերի անալիզի պիլոտային ծրագիրը: Այն ուղղված է երթևեկությունը կարգավորող, խցանումները նվազեցնող տրանսպորտային հոսքերի կառավարմանը, ինչպես նաև` անվտանգության բարելավմանը։

«Հուավեյ թեքնոլոջիս Արմենիա» ընկերության կորպորատիվ վաճառքների մենեջեր և «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի պատասխանատու Հայկ Հակոբյանը տեղեկացրեց, որ մեկնարկը սպասվում է առաջիկա ամսում:

«Նախատեսված է Երևանի երեք խաչմերուկներում (Կոնյակի գործարանից մինչ Երևանի քաղաքապետարան) իրականացնել լուսաֆորների ղեկավարում, որի արդյունքում կենտրոնում խցանումները կպակասեն, քանի որ բավականին բարդ խաչմերուկներ են, մեծ ազդեցություն ունեն դեպի քաղաքի կենտրոն մուտքի և ելքի վրա։ Հուսով ենք՝ մինչ օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ կունենանք արդյունքներ»,-նշում է Հայկ Հակոբյանը։

Երթևեկության կարգավորման այս միջոցի համար տեսախցիկ-ռադարներ են տեղադրվելու: «Հուավեյ»-ի ծրագրային ապահովմամբ գործող շաբլոնի շնորհիվ հնարավոր է իրական ժամանակում փոփոխել կանաչ-կարմիրի հարաբերակցությունը։ Այս լուծումը թույլ կտա նաև հետագայում ինտեգրել էլեկտրոնային և միասնական տոմսային համակարգը։

Պիլոտային ծրագրի բարեհաջող ընթացքի և ֆինանսական միջոցների առկայության պարագայում ընկերությունը կմասնակցի Հայաստանի ազգային տվյալների կենտրոնի ստեղծմանը։ Այս կենտրոնի հիման վրա են ստեղծվում և մեկ միասնական հարթակին միանում տարբեր տեխնոլոգիաները։

«Մեր ընկերությունն ունի բավականին թանկարժեք, բայց շատ արդյունավետ տեխնոլոգիա՝ eLTE-ն, որը հեռախոսի մեծության շարժական սարքավորում է ու թույլ է տալիս տվյալ պահին իրականացնել տեսահեռարձակում դեպի կենտրոն։ Ցանկացած ավտովթարի դեպքում, մանավանդ առավել բարդ իրավիճակներում, օգնության ցուցաբերումը, չափագրումն ու երթևեկության վերականգնումը շատ արագ տեղի կունենան»,-բացատրում է Հայկ Հակոբյանը։

Տեսապատկերի անալիզի համակարգով կարելի է նույնիսկ րոպեների ընթացքում բացահայտել գողության դեպքերը կամ նմանատիպ իրավիճակները տրանսպորտում, քանի որ շատ ավելի արագ հնարավոր կլինի պարզել անձի ինքնությունը։

Հայկ Հակոբյանի խոսքով՝ հնարավոր կլինի նաև տեղայնացնել այլ քաղաքներում կիրառվող տեխնոլոգիաները: Օդի աղտոտվածության կամ աղմուկի չափաբաժնի որոշումը, աղբատար խողովակներում խցանումների դեպքում ավտոմատ ահազանգումը, ազատ ավտոկայանատեղերի վերաբերյալ վարորդներին իրազեկումը` այս ամենը հնարավոր է ինտեգրել իրենց կողմից տրամադրվող հարթակին որոշակի սարքավորումներ կիրառելու միջոցով։

Հուավեյի հաշվարկներով՝ այս ամենը հնարավոր կլինի իրագործել առնվազն հինգ տարվա ընթացքում։ Ֆինանսական հաշվարկներ դեռ չեն արվել, սակայն մոտավոր 100-150 միլիոն դոլարի մասին է խոսքը։


3
Լուսավորություն
«Խելացի քաղաք» կոչումն ստանալու համար ոչ պակաս կարևոր է քաղաքային լուսավորության մաքուր և էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը։ Ինչպես նշում է Սարգիս Մանուկյանը, էներգախնայողության նպատակով Երևանի 15 փողոցներում արդեն գործում է շուրջ 2000 LED լուսատու: Առաջիկայում էլեկտրախնայող լամպեր կդրվեն ևս 28 փողոցում: Քաղաքի արտաքին տեսքը բարելավելու նպատակով վերգետնյա լարերը կանցկացվեն ստորգետնյա խողովակաշարերով:

«Բազմաբնակարան շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացման համար էլ կիրառվել են այնպիսի լուծումներ, ինչպիսիք են շենքի արտաքին պատերի ջերմափոխանցման դիմադրության մեծացումը՝ արտաքին մակերևույթի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ, շենքի շքամուտքի աստիճանավանդակներում դռների և պատուհանների փոխարինումը, տանիքի ջրամեկուսացումը»,-տեղեկացնում է Սարգիս Մանուկյանը:

Այդ աշխատանքները իրականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Green Climate Fund (GCF) կազմակերպության աջակցությամբ: Ծրագիրը հնարավորություն է տվել ապահովել շուրջ 60 տոկոս էներգախնայողություն։
4
Արևային կայաններ
Քաղաքային կյանքի դյուրացման և ծառայությունների հասանելիության համար հուլիսին Երևանի Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում արևային էներգիայով սնուցվող առաջին կանգառներն են գործարկվել։ Նախաձեռնության հեղինակը Հայաստանում Եվրոպական միությունն է։ Կանգառներում այցելուները կարող են անվճար լիցքավորել բջջային հեռախոսներն ու թվային այլ սարքեր. անհրաժեշտ է միայն ունենալ համապատասխան USB լարը:

Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս: Ութ տեղից բաղկացած լիցքավորման համակարգը կգործի, երբ այցելուն միացնի կոճակներից մեկը, այնուհետև լարը: Լիցքավորելուց հետո անհրաժեշտ է անջատել կոճակը, որպեսզի այն ծառայի այլ անցորդների ևս: Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին առաջիններից էր, ով օգտվեց նոր հնարավորությունից և հեռախոսը լիցքավորման միացրեց հենց կանգառում:
5
Հասարակության ներգրավվածություն
Խելացի քաղաքում նույնքան խելացի ու ակտիվ քաղաքացիներ ունենալու նպատակով կներդրվի «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածը։ Վերջինս կխրախուսի մասնակցությունը հանրային որոշումներ ընդունելիս, ինչպես նաև քաղաքացու ազդեցությունը քաղաքային այս կամ այն խնդրների լուծման մեջ:

Առաջիկայում կմշակվի նաև համատիրությունների կառավարման համակարգը, որն ավելի վերահսկելի և թափանցիկ կդարձնի ոլորտի գործունեությունը: Այն կունենա նաև բջջային հավելվածի տարբերակ: Քաղաքացիները կդիմեն իրենց բազմաբնակարան շենքին առնչվող խնդիրներով և կստանան լուծումներ:

Ի դեպ՝ 2012 թվականին Հայաստանում ստեղծվել է CityBugs հարթակը, որի միջոցով քաղաքացիները հայտնում են իրենց հուզող խնդիրների մասին, ներկայացնում առաջարկություններ, դրանք արտացոլվում են քարտեզի վրա։ CityBugs -ը գործում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Ստեփանակերտում:
մասնագետի կարծիք

Մեթ Բարթելսյան
«ՎՕԼՕ» ընկերության բիզնեսի գլոբալ զարգացման և համագործակցության հարցերով տնօրեն
«Խելացի քաղաքների կյանքի կոչվելու պարագայում էներգետիկ և ժամանակային ծախսերը կրճատվում են, բայց դրա փոխարեն մեծանում են ռիսկերը: Մարդիկ էլ ավելի են հայտնվում վերահսկողության ներքո, ինչպես նաև մարդիկ աստիճանաբար կորցնում են մտավոր ճկունությունը, որովհետև շատ որոշումներ ու ընտրություններ այս կամ այն համակարգը ընտրում է մեր փոխարեն։ Մենք պետք է իսկապես ուշադիր լինենք»
~
Made on
Tilda