Բացահայտելով անցյալի արժեքները
Խորհրդային մոդեռնիզմի կառույցներից շատերն ընդգրկված չեն Հայաստանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում:
Գայանե Մկրտչյան
խմբագիր
Հետխորհրդային երկրներում շարունակում են անուշադրության մատնվել խորհրդային տարիներին կառուցված բազմաթիվ կառույցներ, որոնք սակայն արտասահմանյան լրագրողների և զբոսաշրջիկների համար վերածվել են տեսարժան վայրերի:
Պրակտիկ սովետական ճարտարապետության դարաշրջանում, որտեղ ձևաչափը զիջում էր բովանդակությանը, համատարած էին միատեսակ «խրուշչովկաները» և տիպային կառույցները, այդուհանդերձ, դրանց զուգահեռ ստեղծվում էին համարձակ մոդեռնիստական նախագծեր, ինչպիսիք են, օրինակ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, «Ռոսիա» կինոթատրոնը, Սևանի գրողների հանգստյան տան շենքը և այլն:

Այսօր այդ կառույցներից շատերը ընդգրկված չեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների շարքում, ինչը նշանակում է` կա վտանգ, որ ժամանակակից քաղաքաշինական միտումները կարող են ոչնչացնել այդ կառույցները:

Հետխորհրդային շրջանում սովետական ժառանգության թերարժևորման հետևանքով նման ճակատագրի արժանացավ 1979 թվականին կառուցված Երևանի երիտասարդության պալատը: 25 տարի անց ՝ 2005 թվականին, Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրեց քանդել շենքը, այն դեպքում, երբ այն ոչ միայն Խորհրդային Հայաստանի եզակի ճարտարապետական խորհրդանիշ էր, այլև Խորհրդային Միության մոդեռնիստական ճարտարապետության բացառիկ արտացոլումը:



Երևանի ճարտարագիտական համալսրանի շենքը: Ճարտարապետ. Արտաշես Մամիջանյան, 1976 թ.

Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի/Urbanista
Ավելի ուշ փոփոխության ենթարկվեց Ծածկած շուկայի շենքը, ձևափոխվեց «Ռոսիա» կինոթատրոնի շենքը՝ վերածվելով տոնավաճառի, այսօր արդեն օրակարգում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն է:

Արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյանի դիտարկմամբ` այսօր գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում վերաբերմունքը նախկին խորհրդային ճարտարապետության պահպանության նկատմամբ նույնն է: Կան երկրներ, որտեղ այդ ժառանգությունը գրեթե լրիվ անտեսված է, կան երկրներ, որտեղ այն տրանսֆորմացվում և ադապտացվում է նոր միջավայրին, շատ երկրներում էլ այնպես է կերպարանափոխվում, որ հնարավոր չի լինում նույնիսկ ճանաչել այդ շենքերի նախնական տեսքը: Որպես հետխորհրդային լավագույն պահպանված քաղաքի օրինակ Արևշատյանը նշում է Մինսկը:

«Նախկին mainstream-ը վերածվել է թանգարանային միջավայրի: Ողջ քաղաքը կարելի է դիտարկել որպես ունիկալ թանգարան, ինչն անհամեմատելի է մեր իրականության հետ, երբ առավոտյան արթնանում ենք ու լրատվամիջոցներից տեղեկանում, որ «Զվարթնոց» օդանավակայանի շենքին նորից վտանգ է սպառնում: Պետք է նորից բողոքի ալիք բարձրացնել, որպեսզի թե՛ հասարակությունը, թե՛ պրոֆեսիոնալ հանրությունը նորից արձագանքի, նորից սկսենք բարձրաձայնել, որ այդ շենքերը մշակութային արժեք են ներկայացնում ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային առումով»,- ասում է Արևշատյանը:

2012 թվականի դեկտեմբերին` Վիեննայում կայացած 19-րդ ճարտարապետական համաժողովի շրջանակներում ընդունվել էր բանաձև, որը կոչ էր անում նախկին խորհրդային երկրների իշխանություններին պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել և պատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, որոնց թվում էր նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը:

Սակայն համաժողովի բանաձևին դրական պատասխան տալուց/միանալուց անմիջապես հետո Փակ շուկայի շենքը վերակառուցվեց սուպերմարքեթի: Հաջորդ կառույցը, որի քանդման հարցը բարձրացրին, «Զվարթնոց» օդանավակայանի աշտարակն էր:

Խորհրդային ճարտարապետական ժառանգություն․ Քանդե՞լ, թե՞ պահպանել
Քննարկման մասնակիցներ ՝ արվեստի քննադատ, համադրող Ռուբեն Արևշատյան, ճարտարապետ-քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյան և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյան։ Երևան, Գյոթե կենտրոն, 22.02.2018
ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշում է. «Զվարթնոցի» օրինակով կարելի է նշել մի շարք այլ խնդիրներ ևս, երբ ներդրողը ցանկանում է տվյալ կառույցի տեղում ինչ-որ բան կառուցել, այդ կառույցը հուշարձան չէ, սակայն հանրային, քաղաքի պատմության տեսանկյունից արժեք է ներկայացնում»:

«Այդպիսի խնդիրները արտասահմանում կարգավորվում են, մենք, ցավոք, չունենք սրա կարգավորումը: Դրսում համայնքն ինքն է որոշում ընդունում և ասում, որ ճիշտ է, սա պետության կողմից ճանաչված հուշարձան չէ, բայց իմ քաղաքի բնակիչների համար արժեք է ներկայացնում՝ պատմական, ճարտարապետական հիշողություն է: Համայնքն իր առանձին բյուջեով այդ շենքի պահպանությունը վերցնում է իր վրա: Բայց եթե անգամ մեզանում այդ օրենքը լիներ, ես չեմ էլ պատկերացնում, թե համայնքն ի՞նչ էր անելու, դա հսկայական միջոցներ է պահանջում»,- ասում է Նարեկ Սարգսյանը:

Նա նշում է, որ հաջողության են հասել, քանի որ դիմել են կառուցապատողին, հաջողել է պահպանել աշտարակը և փոքր օղակաձև ծավալը, սակայն մեծ օղակը քանդելու են:

«Փորձելու ենք այդ մեծ օղակը հնարավորինս պահել, որպեսզի կոմպոզիցիան, որը բաղկացած է երեք էլեմենտներից, պահպանվի: Հասկանում ենք, որ երեք օղակները միասնական են: Ըստ իրենց բիզնես ծրագրերի՝ նախատեսվում է քանդել, մենք դիմել ենք նրանց, որ առաջարկները ներկայացնեն ու հիմնավորեն: Ժամանակի ընթացքում առաջարկությունները կներկայացնեն, ու նորից քննարկումներ կլինեն»,- ասում է Նարեկ Սարգսյանը:

Երիտասարդական մետրո, կայարնի մուտքը: Ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան , 1981

Լուսանկարը՝ Անահիտ Մինասյանի/Urbanista
Ազգագրագետ Աղասի Թադևոսյանի կարծիքով` մինչ օրս ճարտարապետությանը վերաբերող որոշումները շարունակում են ընդունվել «ավտորիտար, միակարծիք, միակենտրոն եղանակով»:

«Փոփոխողները նորահայտ կապիտալիստներ են, որոնց մշակութային դիապազոնը չի ընդգրկում հանրության մեջ եղած դիապազոնը: Նրանց դիապազոնից դուրս կան մտածողներ, մարդիկ, ճաշակ ու տեսլական ունեցողներ, որոնց ստեղծած այս տարածքները դրանցում չեն տեղավորվում, շատ նեղ են»,- ասում է Թադևոսյանը:

Նա օրինակ է բերում Մաշտոցի պուրակի համար մղվող պայքարը, որում հաղթանակ տարան քաղաքացիները:

«Նեղ պատկերացում ունեցող մարդկանց խումբը եկավ ու որոշեց տարածքը փոխել` այնտեղ բուտիկներ տեղադրել: Եկան մարդիկ, որոնք այդ տարածքն այլ կերպ էին տեսնում և ասացին, որ թույլ չեն տա, քանի որ իրենք տարածքը պատկերացնում են որպես հանրային տարածք` ի տարբերություն բիզնես տարածք մտածողների»,- ասում է Թադևոսյանը:

Անդրադառնալով խորհրդային շրջանի մոդեռնիստական հուշարձաններին՝ քանդված Երիտասարդության պալատին, «Ռոսիա» կինոթատրոնին կամ «Զվարթնոց» օդանավակայանին, ազգագրագետ Թադևոսյանը դրանք համեմատում է «կենդանի դիակների» հետ:

«Ավելի շատ նման են զոմբիի, որովհետև նրանք կան, մենք շփվում ենք նրանց հետ, ես փորձում եմ հասկանալ` ո՞րն է նրա ինքնությունը, մինչդեռ ինքը ցույց չի տալիս: Երբ փոքր էի, հիշում եմ, թե ինչ ինքնություն ունեին, ես նրանցով ապրում էի ու մտածում, որ մեծ ապագա կա: Անկեղծ եմ ասում, այդ շենքերով եմ ապրել, իմ տեսլականը նրանք են ձևավորել: Հիմա այդ խորհրդային մոդեռնիստական ճարտարապետությունը կորցրած տեսլականն է մի մասի համար, ինչ-որ տեղ նաև հուշ է, որը կրում ենք մեր մեջ»,- ասում է նա:

Սևանի Գրողների միության հանգստյան տուն: Ճարտարապետներ՝ Գեւորգ Քոչար եւ Միքայել Մազմանյան (1932 - 1965 թթ.)
Լուսանկարը՝ Նորայր Չիլինգարյանի
Ազգագրագետը կարծում է, որ խնդիրը նաև հանրային մասնակցության մեջ է. մարդիկ ցանկանում են մասնակցություն ունենալ հանրային կարևոր նշանակություն ունեցող տարածքների փոփոխությանը:

Ճարտարապետ, Urbanlab կազմակերպության տնօրեն Սարհատ Պետրոսյանն էլ իր հերթին ափսոսանքով է անդրադառնում այն փաստին, որ կարելի էր ամեն ինչի գնալ մասնակցային մեթոդներով, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ:

«Կարծում եմ` քաղաքաշինությունը, քաղաքների կառավարումը այսօր մեր երկրում ամենակոռումպացվածներից մեկը լինելով՝ ամենաանհասանելին են»,- ասում է նա:

Սարհատ Պետրոսյանի կարծիքով` այսօր քաղաքային միջավայրի պակաս ու սով կա: «Հետխորհրդային շրջանում որակյալ միջավայր ստեղծելու այնքան հնարավորություն չի եղել, որ խորհրդային ժամանակների ժառանգությունը այսօրվա սերունդը բերում և արտացոլում է իր ներկայիս պահանջների մեջ և վերաձևակերպում որպես որակյալ միջավայր ունենալու իրավունք կամ ցանկություն»,- ասում է ճարտարապետը:

Այսօր խորհրդային մոդեռնիզմի պահպանման եզակի օրինակներից մեկը կարելի է համարել Սևանի գրողների հանգստյան տան շենքը: Ճարտարապետներ Գևորգ Քոչարի և Միքայել Մազմանյանի կողմից 1932 թվականին կառուցված շենքը, որն այնուհետև վերակառուցվել է 60-ականներին, տարբերվում է իր յուրօրինակությամբ և ոչ ստանդարտ լուծումներով:

Գեթի հիմնադրամի ծրագրերի ավագ պատասխանաու Անտուան Ուիլմերինգը
Լուսանկարը՝ Գայանե Միրզոյանի/Urbanista
2016 թվականին «Ուրբանլաբ» կազմակերպության կողմից ներկայացված Սևանի գրողների հանգստյան տան պահպանման նախագիծը ընտրվել է «Գեթի» հիմնադրամի կողմից բաց մրցութային կարգով, որի համար հիմք էին հանդիսացել միջազգային հինգ փորձագետների կարծիքները: Հանգստյան տունը ներառվել է մոդեռնիստական վերականգնվող կառույցների նախագծում:

«Գեթի» հիմնադրամի ծրագրերի ավագ պատասխանատու Անտուան Ուիլմերինգը (Լոս Անջելես) նշում է, որ թեև շենքը խորհրդային ժամանակաշրջանում է կառուցվել, սակայն նրա ճարտարապետությունը հայկական շունչ ունի: Խորհրդային մոդեռնիզմի ժառանգության պահպանումը, ըստ Ուիլմերինգի, ունի բարդություններ, քանի որ շատ հաճախ այդպիսի կառույցները կառուցվել են նորարարական նախագծերով և այն ժամանակների համար նոր նյութերով:

«20-րդ դարի ճարտարապետությունը համաշխարհային արժեք ունի: Մենք չենք դիտարկում այն քաղաքական տեսանկյունից, մենք հաշվի ենք առնում ճարտարապետական կառույցի ինքնատիպությունն ու արժեքը»,- ասում է «Գեթի» հիմնադրամի ծրագրերի ավագ պատասխանատուն:

Փորձագետները, ովքեր աշխատում են նախագծի վրա, պետք է կազմեն նոր բիզնես պլան, որն էլ հնարավորություն կտա կրկին բացելու Սևանի գրողների հանգստյան տունը: Ամբողջ ծրագրի համար «Գեթի» հիմնադրամը տրամադրել է 130.000 դոլար:

«Մեր աջակցության իմաստն այն է, որ հաճախ մարդիկ մտածում են կառույցի վերանորոգման մասին, բայց չեն մտածում նրա ճարտարապետական արժեքի մասին, այն մասին, թե ինչպե՞ս է այն օգտագործվում: Հայաստանի դեպքում, եթե Սևանի հանգստյան տունը ծառայում է գրողների հանգստի, հանդիպումներ կազմակերպելու և աշխատելու համար, ապա այդ ամենը բարձրացնում է շենքի արժեքը: Հիմնվելով արժեքների վրա` փորձագետները կկազմեն բիզնես պլան, ինչը նախագիծը կդարձնի հետաքրքիր ներդրողների համար: Ի վերջո, Սևանի գրողների հանգստյան տունը պետք է գործի»,- եզրափակում է Անտուան Ուիլմերինգը:

~
Made on
Tilda