Բացակա քաղաքացիները՝
ավագանու բաց նիստերին
Ինտերակտիվ համայնքային բյուջե
Սպիտակի քաղաքացիական հասարակության
անդամները անարդյունավետ են համարում
ավագանու նիստերին մասնակցությունը
Երևանից 97 կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակում սոցիալ-տնտեսական խնդիրները ի հայտ եկան մինչև երկրի անկախացումը, երբ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը գետնին հավասարեցրեց երբեմնի արդյունաբերական կենտրոնը:
Այսօր արդեն Սպիտակն այն քաղաքներից է, որը փորձում է զարգացնել համայնքը` հաղթահարելով ոչ միայն հետխորհրդային սոցիալ-տնտեսական դժվարությունները, այլև դեռևս չի հասցրել լիարժեք վերականգնվել Սպիտակի ավերիչ երկրաշարժից:

Երիտասարդ սերունդը երբեմնի ծաղկուն ու լիարժեք քաղաքի մասին լսել է միայն ավագ սերնդից: Ժամանակին բարեկեցիկ ու լավ կյանքով ապրած սպիտակցիները դժվարությամբ են բարձրաձայնում սեփական խնդիրները, քչերն են փորձ անում մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին:

Սպիտակի Գերմանական թաղամասի տնակներից մեկում բնակվող 18-ամյա Կարեն Արղամանյանը այն եզակի երիտասարդներից է, ով ակտիվորեն հետևում է համայնքի աշխատանքներին, մասնակցում ավագանու նիստերին, հանդես գալիս սեփական առաջարկություններով: Կարևորելով քաղաքացիների մասնակցությունը համայնքի աշխատանքներին` միևնույն ժամանակ սրտնեղում է. բոլորը չէ, որ մտահոգված են կամ հավատում են, որ իրենց առաջարկությունները տեղ կհասնեն:


«Փորձում եմ ընկերներիս ինձ հետ տանել ավագանու նիստեր, սակայն չեն գալիս, ասում են`իրենց բանի տեղ դնող չի լինի: Խնդիրն այն է, որ իրազեկված չեն ու չգիտեն` ինչի՞ց կարող են օգտվել: Առաջարկություններ չեմ ներկայացնում միայն մի պատճառով` չեմ կարողանում ապահովել անհրաժեշտ 50 և ավելի քաղաքացիների մասնակցությունը»,- ասում է Արղամանյանը:

Կարեն Արղամանյանը նշում է. քաղաքացիների մոտ ինքնավստահության պակաս կա, անտեղյակ են օրենքներից ու իրավունքներից: «Հավատացած եմ, եթե 20-30 հոգով մեր քաղաքապետին ծրագիր ներկայացնենք, նա չի մերժի»,- կարծում է Արղամանյանը:
Սպիտակի Գերմանական թաղամասի բնակիչ
Կարեն Արղամանյան
վիդեո՝ Գայանե Միրզոյան
«Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը դեռևս 2010 թվականին հարցումներ է անցկացրել պարզելու` թե որքանո՞վ են սպիտակցիները տեղյակ ավագանու գործունեությանը: Կազմակերպության հիմնադիր Աշխեն Բաբայանը պատմում է. 100 հարցվածներից անգամ մեկը չի իմացել, թե ի՛նչ է ավագանին:

«Սկսեցինք հանդիպումներ անցկացնել ավագանու անդամների ու բնակիչների հետ: Մի շրջան ավագանիների խումբն ակտիվ էր, հետո թիմը փոխվեց, ու ՏԻՄ- ՀԿ կապն ըստ էության ընդհատվեց: Այսօր քաղաքացիները չգիտեն էլ, թե ովքե՛ր են մեր ավագանիները»,- ասում է «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրը:

Աշխեն Բաբայանը պարբերաբար մասնակցել է ավագանու նիստերին, ներկայացրել իր առաջարկությունները՝ավելացնել աղբամանների քանակը, կանաչապատ տարածքները, վերանորոգել զբոսայգին, դպրոցների և մանկապարտեզների դիմաց տեղադրել երթևեկության անհրաժեշտ նշանները, հետիոտնային անցումները:

«Որևէ առաջարկություն երբևէ չի ընդունվել: Քաղաքում ավագանու ինստիտուտը չի գործում: Հիասթափվեցի ՏԻՄ-ի հետ աշխատելուց»,- ասում է Աշխեն Բաբայանը:

Մինչդեռ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը նշում է. ավագանու նիստերը բաց են՝ համայնքի բնակիչներն են պասիվ: ՀԿ-ին ծանուցումներ են ուղարկում, տեղեկացնում կայանալիք նիստերի մասին:

«Եթե նույնիսկ գալիս են, ապա անտարբերություն ու պասիվություն եմ նկատում: Սպիտակի բնակչությանը քաղաքում ծախսվող գումարները հետաքրքիր չեն: Մարդիկ խնդիր ունեն, գալիս է ամսվա վերջը, մտածում են՝ կոմունալ ծախսերը ո՞նց վճարեն»,- ասում է արդեն տասը տարի Սպիտակ համայնքը ղեկավարող Գագիկ Սահակյանը:
«Ըստ օրենքի` ավագանու նիստից յոթ օր առաջ պետք է օրակարգի մասին տեղյակ պահեն, բայց ընդամենը մեկ ժամ առաջ են զանգում ու ասում, որ ավագանու նիստ է լինելու: Այլևս չենք մասնակցում, մեր ժամանակը փորձում ենք ավելի արդյունավետ ծախսել»,- ասում է Աշխեն Բաբայանը:
լուսանկարները՝ Անահիտ Մինասյանի
«Սպիտակի բնակչությանը քաղաքում ծախսվող գումարները հետաքրքիր չեն: Մարդիկ խնդիր ունեն, գալիս է ամսվա վերջը, մտածում են՝ կոմունալ ծախսերը ո՞նց վճարեն»,- ասում է Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը:
Քաղաքի բյուջեն կազմում է մոտ 350 մլն: Քաղաքապետի խոսքով` համայնքի հնարավորությունները հավասար են Սպիտակի հիվանդանոցի բյուջեին:

11 հազար բնակչություն ունեցող Սպիտակի յուրաքանչյուր քաղաքացու վրա ծախսը կազմում է 20 հազար դրամ: Համայնքի ղեկավար Սահակյանը նշում է, որ այդ ցուցանիշը առնվազն պետք է հասնի 80 հազար դրամի, որ էական փոփոխություններ լինեն:

2017 թվականին Սպիտակի բյուջեն կազմել է 368,4 մլն դրամ, նախորդ տարիների համեմատ աճելով մոտ 22,2 մլն դրամով: Այդ աճը պայմանավորված է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների, գույքահարկի, ինչպես նաև տեղական տուրքերի և վարչական գանձումների
ավելացումով։
Այսպես, 2017 թվականին Սպիտակում էականորեն ավելացել են սեփական եկամուտները (մոտ 14 մլն դրամ` նախորդ տարվա եկամուտների հետ համեմատած) և պետական դոտացիաների հետ միասին կազմել են 22,2 մլն դրամ: Ծախսերի աճ էր գրանցվել ընդհանուր բնույթի ծառայությունների (10%), բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների (11%), հանգստի, մշակույթի, կրոնի (5%) և կրթության (2%) ոլորտներում:

Քաղաքապետի խոսքով` մյուս համայնքների համեմատ Սպիտակի բյուջեն ավելի կայուն է անշարժ գույքի վաճառքի ու տարեվերջին ազատ ֆոնդային բյուջեում գոյացող միջոցների հաշվին: Քաղաքի ծախսերի մոտ մեկ երրորդը քաղաքապետարանի աշխատակազմի ծախսերն են, ևս 30%-ը հատկացվում է կրթության ոլորտին: Դրանց մեծ մասը աշխատավարձերի վճարումներն են:

Քաղաքապետարանի միջոցներից 2015-2017 թթ. ընթացքում ամենաշատ միջոցներ են ուղղվել նախադպրոցական կրթությանը (50-60 մլն դրամ), մշակութային ծառայություններին (30-41 մլն դրամ) և լուսավորությանը:
2015 թվականի հետ համեմատ 2017 թվականին 71%-ով կրճատվել են շրջակա միջավայրի պաշտպանության ծախսերը` 69,4 մլն դրամից հասնելով 32,7 մլն դրամ: Ուրբանիստայի անցկացրած ուսումնասիրության համաձայն` սա հիմնականում պայմանավորված է աղբահանության ոլորտում ծախսումների էական կրճատմամբ։

2017 թվականին Սպիտակի համայնքապետարանը աղբահանության և սանիտարական մաքրման համար 40 մլն դրամ է ծախսել բյուջեից:

«Օրը մի անգամ ենք մաքրում կենտրոնը, դրանից հետո գետնին նետված սիգարետը մնում է մինչև հաջորդ առավոտ: Կասեք՝ աղբանոց է սա, չեն մաքրում: Ամեն հազար մետրի վրա մեկը պետք է կանգնի, որ ով աղբը գցի` մաքրի»,- ասում է համայնքի ղեկավարը:
Աշխեն Բաբայանը նկատում է, որ քաղաքը, որ մի քանի տարի առաջ Լոռու մարզի ամենամաքուր քաղաքներից էր, վերջին երկու տարիներին նույն տպավորությունը չի թողնում: «Չեմ կարծում, որ սպիտակցիներն են ավելի փնթի դարձել»,- ասում է Բաբայանը:

Urbanista-ի անցկացրած առցանց հարցման համաձայն` սպիտակցիները առաջնային են համարում ճանապարհաշինությունը, բակային տարածքների բարեկարգումը և կրթությունը: Մինչդեռ, սոցիալական պաշտպանությունը կարևորում է հարցվածների 29 տոկոսը, բնակֆոնդի սպասարկումն ու մշակույթը՝ հավասար դիրքերում են:

Սպիտակի քաղաքապետը նույնպես կարևորում է ենթակառուցվածքների խնդիրը:
«Փորձում ենք եղած ասֆալտը պահպանել: Նոր ասֆալտապատում անելու համար մեր ֆինանսական միջոցները սուղ են: Այդ հարցը հնարավոր է մասամբ լուծել միայն կողմնակի օգնության շնորհիվ»,- ասում է Սպիտակի քաղաքապետը:
Այսպես, 2014-2018 թթ. «Համբարձումյանների ընտանիք» սոցիալական աջակցության բարեգործական հիմնադրամի կողմից կատարված 50 մլն դրամ ներդրումների միջոցով հիմնանորոգվել են Սպիտակի Թումանյան ու Առափնյա փողոցների որոշ հատվածներն ու Թորոսյան փողոցը:

7 մլն դրամ գումարով էլ իրականացվել է 58 700 քմ ընթացիկ գրունտային ճանապարհների վերանորոգում: Տարբեր կազմակերպությունների օգնությամբ նաև որոշ չափով լուծվում է քաղաքի լուսավորության և այգիների բարեկարգման հարցը:
Սպիտակ քաղաքի փողոցների վիճակը
Սպիտակ քաղաքի հնգամյա զարգացման ծրագրի տվյալների հիմման վրա
Սպիտակը Լոռու մարզի դարպասն է, այստեղով են անցնում երկրի հյուսիսային հատված տանող բոլոր ճանապարհները, Երևան-Թբիլիսի մայրուղին: Սպիտակի կենտրոնում սակայն բավականին ծանրաբեռնված երթևեկությունը կարգավորվում է առանց լուսացույցի, փողոցներից շատերն էլ լուսավորված չեն, չնայած քաղաքապետի այն պնդումներին, որ լուսավորությունը իրենց համար կարևոր է՝ փոխարինում է ասֆալտին:

Այդուհանդերձ, քաղաքապետարանը խնայողություններ է արել և հին լամպերը փոխարինել ժամանակակից ԼԵԴ լամպերով, որպեսզի հետագայում կարողանան զարգացման ծրագրեր իրականացնել, ինչի իրագործման համար բավարար չեն համայնքի միջոցները:

Այսպիսով, հնարավոր է դառնում կտրուկ կրճատել լուսավորության վրա ծախսերը. եթե 2015-ին փողոցների լուսավորությանը տրամադրվել էր 19,1 մլն դրամ, 2016 թ.՝ 21,2 մլն, ապա 2017 թ. հատկացվել է ընդամենը 7,2 մլն դրամ:
լուսանկարները՝ Անահիտ Մինասյանի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սպիտակում շարունակում են անտեսված մնալ զբոսայգիները, մանկական խաղահրապարակները, ժամանցի վայրերը: Երեխաներին զբոսայգի կամ որևէ ժամանցի վայր տանելու համար սպիտակցիները հասնում են Վանաձոր կամ Երևան: Քաղաքում բացված միակ՝ «Ուկրաինա» սրճարանը վաղուց չի գործում:

«Զբոսայգի չկա, քամուց տապալված եղևնիների փոխարեն նորերը չեն տնկվել, հանրային զուգարան չկա: Նստարանները վերանորոգել են, սակայն, անմխիթար վիճակում են: Սպիտակում կարուսելները տեղադրվել են դեռևս 1968 թվականին, դրանք արդեն վտանգավոր են երեխաների համար: Ընդամենը մի քանի խաղահրապարակներ կան՝ բակային: Մոտ 1 մլն դրամ եթե լինի, գոնե զբոսայգու լճի հատակը կվերանորոգեն, ինչի պատճառով ջուրը տղմակալում է, մինչդեռ երեխաները ամռանը լողում են այդ ջրում»,- մտահոգված ասում է Աշխեն Բաբայանը:

Նա համոզված է` տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության համատեղ աշխատանքը տեղական մակարդակում հզոր գործիք է համայնքում փոփոխություններ կատարելու և բարելավելու համար:
~
Made on
Tilda