Թումանյան համայնքի
բյուջետային
գործընթացները
վերլուծություն
Դավիթ Մարգարյան
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու
Ուսումնասիրությունը ներկայացնում է Լոռու մարզի Թումանյան համայնքի 2014, 2015 և 2017 թվականների տարեկան բյուջեների վերլուծությունը ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերով։
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան բազմաբնակավայր համայնքը ձևավորվել է ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) իրականացման առաջին փուլում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով։ Թումանյան համայնքի հետ միասին ձևավորվեցին նաև Տաթև և Դիլիջան բազմաբնակավայր համայնքները՝ համապատասխանաբար Սյունիքի և Տավուշի մարզերում։

Թումանյան բազմաբնակավայր համայնքի մեջ են մտնում նախկին Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր համայնքները (թվով 7 համայնք)։ Նոր ձևավորված համայնքում բնակավայրերի թիվը 8-ն է։
Ֆինանսական կառավարման և բյուջետավարման գործընթացների տեսակետից հետաքրքրություն է ներկայացնում համայնքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ համայնքի տարեկան բյուջեի ուսումնասիրությունը։

Պետք է նշել, որ համայնքների խոշորացումը իր տեսակով նախադեպը չունեցող պետական և տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխման գործընթաց է, և վերոնշյալ 3 համայնքները, այդ թվում և Թումանյան համայնքը, փաստացի առաջին անգամ էին հայտնվում այս իրականությունում։ Ուստի ուսումնասիրություն անցկացնելիս նպատակահարմար չէ դիտարկել 2016թ-ը՝ որպես նոր ձևավորված համայնքի գործունեության առաջին տարի։ Իսկ նախորդ 2014 և 2015 թվականների համար դիտարկվել է նոր ձևավորված համայնքի կազմի մեջ մտած նախկին համայնքների տարեկան բյուջեների հանրագումարը։

Համայնքի բյուջեի եկամուտների փոփոխությունը ամփոփ գծապատկերով ներկայացված է ստորև, ուր երևում են համայնքի եկամուտները՝ ըստ տարեթվերի և բյուջեի վարչական և ֆոնդային մասերի։

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ից, 2014 թվականի նկատմամբ 2015 և 2017 թվականների ընթացքում համայնքի բյուջեի եկամուտները նկատելի աճ են ունեցել, 95.3 մլն դրամից հասնելով 119.4 և 116.6 մլն դրամ համապատասխանաբար։
Եկամուտների նման աճի հիմնական պատճառը հանդիսացել է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ավելացումը։

Մասնավորապես, 2014 թվականի նկատմամբ 2015 և 2017 թվականների ընթացքում դոտացիաները ավելացել են՝ 71.7 մլն դրամից հասնելով 86.9 և 88.7 մլն դրամ համապատասխանաբար (Գծապատկեր 2)։
Գծապատկեր 3-ում ներկայացված են Թումանյան համայնքի բյուջեի սեփական եկամուտները՝ ըստ տարիների։ Բերված տվյալներից կարելի է նկատել, որ 2017թ-ի ընթացքում փոքր աճ է նկատվել փոխադրամիջոցների գույքահարկի հավաքագրման գծով, ինչպես նաև գանձվել են տեղական վճարներ (երևում են «Վարչական գանձումներ» տողում)։
Հավելված 1-ում ներկայացված ամբողջական աղյուսակում երևում է, որ համայնքը 2014, 2015 և 2017 թվականներին Օրենքով պետական բյուջե ամրագրվող հարկերից և այլ պարտադիր վճարներից մասհանումներ չի ստացել։ Խոսքը եկամտային հարկի և շահութահարկի մասին է։

Թումանյան համայնքը և նրա կազմի մեջ մտնող նախկին համայնքները չեն կրում որևէ բնապահպանական ազդեցություն հանքարդյունահանող կազմակերպությունների գործունեությունից, ուստի վերջիններիս մասով բնապահպանական հարկից մասհանում պետական բյուջեից չի նախատեսվել՝ համաձայն օրենքի։

Բյուջետային ծախսերի մասով պատկերը հետևյալն է (Գծապատկեր 4). բյուջեի ծախսային ուղղվածությունը խոշոր հաշվով ուղղված է ընթացիկ ծախսերի իրականացմանը։ 2014թ-ին բյուջետային գրեթե ամբողջ ծախսերն ուղղված են եղել միայն ընթացիկ գործունեության իրականացմանը (բյուջեի վարչական մաս)։ 2015թ-ին բյուջետային ընդհանուր ծախսերի 12%-ի չափով իրականացվել են կապիտալ աշխատանքներ։ 2017թ-ին պատկերը փոքր ինչ վատթարացել է, և կապիտալ ծախսերը կազմում են բյուջեի ընդհանուր ծախսերի շուրջ 7.6%-ը։


2014, 2015 և 2017 թթ. բյուջետային ծախսերը ըստ գործառական դասակարգման դիտարկելիս ունենում ենք հետևյալ պատկերը: Ինչպես կարելի է նկատել, 2014 թվականին բյուջետային ծախսերի գերակշիռ մասը ուղղված է ընդհանուր բնույթի ծառայությունների մատուցմանը, որտեղ հիմնականում ներառված են համայնքի աշխատակազմի պահպանման ծախսերը։ Հաջորդ խոշոր մասնաբաժինը, մոտ 23%, ունի կրթության բնագավառը, որտեղ ներառվում են նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների մատուցման ծախսերը։ Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և առողջապահության բնագավառներում ծախսեր չեն կատարվել, իսկ մնացած ոլորտներում ծախսերը չեն գերազանցում ընդհանուր ծախսերի 3%-ը։ Նմանատիպ պատկեր կարելի է նկատել նաև 2015թ-ին (Գծապատկեր 5)։
Ի հաշիվ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարի մեծացման՝ աճել են նաև «Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների» բնագավառի ծախսերը։ Փոքր ինչ աճ է նկատվել նաև «Սոցիալական պաշտպանության» բնագավառի ծախսերում, որոնք նախորդ տարվա համեմատությամբ աճել են մոտ 3.8 մլն դրամով։ Գործառնական ծախսերի մյուս ոլորտներում ծախսերը գրեթե նույնությամբ կրկնում են նախորդ տարվա նույնանուն ցուցանիշները։

Ի տարբերություն 2015 թ-ի՝ էական փոփոխություններ կան 2017 թ-ի ընթացքում։
Որպես մեկ միասնական, նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքի՝ Թումանյանի գործունեությունը կարելի է գնահատել հենց 2017 թ-ի ընթացքում։ Ըստ այդմ էլ, ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 5-ից, էականորեն կրճատվել են «Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների» բնագավառի ծախսերը, նախորդ դիտարկվող 2015 թ-ի համեմատությամբ կրճատվելով շուրջ 19 մլն դրամով կամ 23%-ով։ «Սոցիալական պաշտպանության» բնագավառի ծախսերը կրճատվել են շուրջ 3 անգամ, դրա փոխարեն ավելացել են «Շրջակա միջավայրի պաշտպանություն» բնագավառի ծախսերը։ Այս բնագավառում են արտացոլվում աղբահանության ծառայության իրականացման ծախսերը։

Ընդհանրական գծապատկերով, համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական բնագավառների և տարիների ներկայացված են Գծապատկեր 6-ում։ Աղյուսակ 2-ում ներկայացված է նույն ծախսերի աճը կամ նվազումը նախորդ դիտարկվող տարվա համեմատությամբ՝ ըստ բնագավառների։
Ընդհանուր գնահատելով Թումանյան համայնքի բյուջեի իրականացումը՝ պետք է ի սկզբանե հստակ ամրագրել, որ այսօրվա նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքը խոշոր հաշվով կապ չունի նախկին, իր կազմի մեջ մտած համայնքների ֆինանսական գործունեության հետ։ Այդ իսկ առումով, ինչպես նշվել է սույն ուսումնասիրության սկզբնամասում, 2014 և 2015 թվականները դիտարկելիս, իրականացվել է նախկին համայնքների բյուջետային եկամուտների և ծախսերի մեխանիկական գումարում, ինչը թույլ կտար որոշ պատկերացում կազմել նոր համայնքի կազմի մեջ մտած նախկին համայնքների համատեղ ծախսային քաղաքականության և եկամուտների հանրագումարի մասին։

Անհրաժեշտ է նշել, որ նոր ձևավորված Թումանյան համայնքը կրճատել է վարչական ապարատին ուղղված ծախսերը 2015թ-ի նկատմամբ, ինչը ինքնին դրական միտում է։

Շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում ծախսերի նախատեսումը և փաստացի կատարումը հնարավորություն է տալիս փաստել, որ համայնքում սկսել է իրականացվել կանոնավոր աղբահանություն, ինչը համայնքային ծառայությունների մատուցման տեսանկյունից առաջընթացի մասին է խոսում։
~
Made on
Tilda